Հայրենիքի փրկության շարժումը հորդորում է աշխատավայր գնալու փոխարեն բողոքի ակցիայի գնալ
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ իշխանությունը բոլոր մարզերից ոստիկանական լրացուցիչ ուժեր է բերում Երևան։
Նա ոստիկանապետ Վահե Ղազարյանին և բոլոր իրավապահներին հորդորեց սադրանքների չգնալ, քանի որ ցանկացած գործողության ողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա։
Սաղաթելյանը միաժամանակ նշեց, որ ցուցարարները գիշերը կանցկացնեն խորհրդարանի շենքի մուտքի մոտ։
Նշենք, որ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, իսկ խորհրդարանի շենքը՝ շրջափակված։
«Մենք չենք նահանջի և չենք հոգնի։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները պետք է պահել։ Սա կոնկրետ գործողություն է։ Մենք խորհրդարանի շենքում նստած մարդկանց հակապետական տարրեր ենք հայտարարել։ Նիկոլ Փաշինյանն այդ շենք կմտնի միայն հրաժարականի դիմումի տեքստը կարդալու նպատակով», - ասաց նա։
Շարժման համակարգողը հայտարարեց, որ այսօր` ժամը 16:00-ին, նույն վայրում մեծ հանրահավաք է անցկացվելու: Նա հորդորեց, որ բոլոր քաղաքացիները վաղն առավոտյան գնան խորհրդարանի մոտ։ Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց աշխատանքի գնալու փոխարեն բողոքի ակցիայի գնան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։