Ալիևը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին, տեղեկացնում է News.am-ը:
«Պետք է ասեմ, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի մամուլը, բոլոր հասարակական կառույցներն ահռելի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին»,-ասել է Ալիև Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չագաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Մենք շատ բարձր ենք գնահատում դա: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ, նոր իրողություն է ստեղծվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագա և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»,-ասել է Ալիևը, հաղորդում է «Ազերթաջ»-ը:
«Տրանսպորտային նախագծերի» հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը բացվել է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթացից հետո: ՀՀ իշխանությունը համաձայնել է «հստակեցնել» սահմանը Սյունիքում: Ընդ որում, իշխանությունը չի հերքում Սյունիքի մասով առանձին փաստաթղթի առկայությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ չէ, այլ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, և նրա համար անօրինական է սահմանները ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում «հստակեցնելը»: Հաշվի առնելով այն, որ ԱԺՀ-ն մեծ հույսեր ունի Զանգեզուրի հետ կապված, իսկ ԱՀ ներկայիս իշխանությունը ձգտում է իրականացնել նախնիների բռնազավթող քաղաքականությունը, նման անօրինական «հստակեցումն» ակնհայտ է:
Նշենք նաև, որ չնայած ՀՀ ԱԳՆ-ի մշտական հայտարարություններին այն մասին, թե հայտարարություններն ու պայմանավորվածությունները չեն ենթադրում միջանցքի ստեղծում, Ադրբեջանն ու Թուրքիան մնում են իրենց կարծիքին: