ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՌՈՒՑԵԼ «ՏԻՊԱՅԻՆ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մեր իրականությունը
Հայկական պետականությունը կանխատեսելի ապագայում ծավալվելու է գոյաբանական մշտական վտանգի պայմաններում։ Սա մեր անխուսափելի իրականությունն է։ Թյուրքական էթնոսի ծավալման հակումն արտացոլում է կուտակված կոնկրետ ներուժի ընդլայնման օրինաչափությունը, ինչպես ճնշումների տարբերության օրինաչափությունը ֆիզիկական աշխարհում։ Օրվա իշխանության քաղաքականությունը ընդամենը կանխորոշում է այդ ծավալման ինտենսիվությունը կամ յուրահատկությունները։
Ծավալապաշտությունը հատուկ է կայսերական ինքնագիտակցություն ունեցող բոլոր պետություններին, սակայն մեծավ մասամբ այն միտված է լինում տիրապետության տակ գտնվող ժողովուրդների և նրանց ռեսուրսների ներառմանը, օգտագործմանը կամ կլանմանը՝ ընդհանուր կայսերական տարրի ձևավորման և ամրապնդման մեջ։ Թյուրքական ծավալապաշտությունն առանձնանում է նրանով, որ այն միտված է մեր ամբողջական ֆիզիկական բնաջնջմանը։ Սա նույնիսկ թաքնված օրակարգ չէ, այլ հանրայնորեն հայտարարված նպատակադրում, որ վկայվում է Մեծ եղեռնից հարյուր տարի հետո Արցախյան երկրորդ պատերազմի բնույթով և թյուրքական երկու պետությունների առաջնորդների հստակ հայտարարություններով։
Մեր անմիջական երկու հարևան թյուրքական պետությունների բնակչությունը գերազանցում է մեր բնակչությանը ավելի քան 30 անգամ, ՀՆԱ-ն՝ 58 անգամ, վերջին քսան տարում հանրագումարային ռազմական ծախսերը՝ ավելի քան 51 անգամ։ Սրանք որևէ փոքր պետության կայացման և զարգացման համար սովորական պայմաններ չեն։ Հետևաբար, մենք չենք կարող կառուցել «տիպային» պետություն։
Մեր պետության օրակարգի առաջին և առանցքային հարցը ցանկացած պահի սկսվող պատերազմի բարձր հավանականությունն է։ Որևէ քաղաքականություն, ռազմավարություն, որը «մոռանում է» սա, վերացարկվում, չի հավատում այս իրականությանը և հաշվի չի առնում այն ու նրանից բխող հետևանքները, նմանվելու է ավազի վրա կառուցված տան շինարարության։ Մշտնջենավոր վտանգի իրականությունը սահմանում է մեր ընտրությունների հնարավոր բազմությունը բոլոր ոլորտներում։ Այն մեր վերջնական չափանիշն է։ Սա ընտրություն չէ, այլ անխուսափելի իրողություն։
Մեր պատասխանի բովանդակությունը
Ինչպիսի՛ պատասխան կարող ենք մենք ունենալ այս գոյաբանական բարդագույն մարտահրավերին։ Երրորդ հանրապետությունում անկախությունից ի վեր իրականացված փաստացի քաղաքականությունը տվել է երկու հնարավոր պատասխան։ Եթե ներկայացնենք դրանց բուն էությունը, ապա դրանք կարելի է բնութագրել հետևյալ կերպ։
Առաջին պատասխանը ենթադրում էր, որ պետք է գտնել մի բանաձև, որն էապես կբավարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներին և կդառնա կայուն հավասարակշռության ու պայմանավորվածությունների և, հետևաբար, խաղաղ գոյակցության համար հիմք։
Երկրորդ պատասխանը, ըստ էության, կարելի է բանաձևել հետևյալ կերպ. «Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու կարճ պատերազմի, բայց հիմնական լուծումը տրվելու է արտաքին դաշնակցի ռեսուրսներով»։
Սրանք տրամաբանական պատասխաններ են, սակայն վտանգավոր և անհամարժեք՝ իրենց մասնակիությամբ և առաջնայնության բացակայությամբ։ Մյուս կողմից՝ որևէ տրամաբանական պատասխանի վրա հիմնված քաղաքականության բացակայություն կամ մեկից մյուսին քաոսային անցում ուղղակի աղետալի է, ինչի վկան ու ականատեսն ենք մենք վերջին երկու տարիներին։
Խնդիրն այն է, որ վերը բերված երկու պատասխանները հնարավոր չեն, եթե համակցված չեն քեզ դիմակայող ուժին թեկուզ ոչ հավասար, բայց չափազանց մեծ վնաս հասցնելու ունակ առկա սեփական ուժին։ Ռազմական ուժի խիստ կենտրոնացման և կիրառման ռեսուրսը հնարավոր է դարձնում արտաքին քաղաքական ընտրանքների ընդլայնումը։ Ինչպե՞ս է հնարավոր դա վերը նշված անհամաչափության պայմաններում։ Լուծումները խստագույն կենտրոնացման մեջ են։ Ցրված լույսն ընդամենը լուսավորում է, սակայն կենտրոնացման և ուղղորդման պարագայում դառնում չափազանց հուժկու լազերային ճառագայթ։ Երբ պետության կազմակերպման առանցքը դառնում է արտաքին թշնամուն դիմագրավումը, բոլոր ոլորտներում կայացվող որոշումները կարող են ունենալ կուռ տրամաբանություն և կառուցվածք՝ միմյանց փոխլրացնող և փոխուժգնացնող արդյունքներով։
Ռազմական առճակատման պարագայում մեր նպատակադրումը պետք է լինի թշնամուն անընդունելի վնաս հասցնելու կարողություն ունենալը և, ըստ էության, մինչև վերջ գրավվելու մեծ բարդությունը։ Սա նշանակում է ունենալ քաղաքային բնակավայրերից դուրս, դժվարհասանելի բնագծերում անվերջ ցանցային պատերազմ վարելու և անընդունելի վնասներ հասցնելու կարողություն (ի տարբերություն պարտիզանական գործողությունների՝ սա ենթադրում է ապակենտրոնացված, սակայն հստակ կառավարման առկայություն)։ Միայն նման կարողություններ ունենալու փաստն ինքնին էականորեն նվազեցնելու է ուղիղ առճակատման հավանականությունը։ Եթե այս մոտեցումը պատկերենք կենդանական բնաշխարհից փոխառված օրինակով, ապա սա ոզնու կերպարն է, որը վտանգի պահին դառնում է ասեղները դուրս ցցած կծիկ։ Ոզնի-պետությունը թեպետ չի կարող հաղթել անհամեմատ ավելի մեծ կենդանու կերպարով հանդես եկող թշնամուն, բայց նրան հնարավոր չէ ծնկի բերել, քանզի կծկված վիճակում այն ծնկներ չունի։
Մեր պատասխանի ձևերը
Մեր հավաքական որոշումների վերջնական չափանիշը ապագայի պատերազմին պատրաստ լինելն է։ Այդ պատերազմի մոդելավորմանը և դրան պատրաստվելուն պետք է ուղղվեն մեր լավագույն ռեսուրսները։ Նեղ մասնագիտական և փակ վերլուծության թույլատրելի շրջանակից դուրս կարելի է պնդել հետևյալ մասին։
Անվտանգային դաշինքներ և համագործակցություններ
Նախ՝ չափազանց կարևոր է որևէ պատերազմի մեջ չմտնել առանց թշնամու նկատմամբ համարժեք ուժ կիրառելու ունակ դաշնակիցների։ Ուժեղ դաշնակցի առկայությունը առաջին հերթին կրիտիկական է պատերազմը հնարավորինս կանխարգելելու համար։
Մեզ նման փոքր երկիրը, որը կանգնած է գոյաբանական վտանգի առջև, խիստ սահմանափակ մանևրելու հնարավորություններ ունի իրավիճակային դաշնակցային կապեր հաստատելու համար. մեզ անհրաժեշտ է հիմնարար դաշնակցություն, որի ռեսուրսները կարող են կայծակնային արագությամբ գործադրվել ռազմական ներխուժման պայմաններում։ Այդ տեսանկյունից Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ, բազմաշերտ և ամուր ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններն առանցքային են մեր անվտանգային համակարգի համար։ Աշխարհաքաղաքական դիմակայությունների սրվող պայմաններում՝ դրա համար հստակ աշխարհաքաղաքական ընտրության, վստահելիության և կանխատեսելիության գործոնները էական են նման հարաբերությունների կառուցման համար։ Բազմաշերտ շահերից զատ՝ ՌԴ-ն համար մեզ հետ դաշնակցային հարաբերությունները կլինեն այնքանով արժեքավոր (ինչ որ տեղ՝ նվազ ծախսատար) որքանով Հայաստանը ունակ կլինի ցուցադրելու սեփական կարողությունները և դրանք զարգացնելու անբեկանելի կամք։ Վերջիններս կախված են ոչ միայն պաշտպանական ներուժից, այլև այլ արժեքային առաջարկներից, որոնք Հայաստանն ի վիճակի կլինի ձևակերպելու և իրացնելու (սկսած տեխնոլոգիական յուրահատուկ հանգույց դառնալուց մինչև քրիստոնեական քաղաքակրթական արժեքների պահպանում)։
Երկրորդ՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը հիմքեր է ստեղծում բազմաթիվ երկրների միջև իրավիճակային դաշնակցության համար, որից կարելի է օգտվել, եթե այն չխաթարի մեր հիմնական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ Հաշվի առնելով աշխարհի ուժային կենտրոնների միջև հարաբերությունների սրման միտումները՝ ակտիվ հակամարտության մեջ գտնվող և արագորեն ռազմական տեխնոլոգիաներ զարգացնող թեկուզ փոքր երկիրը սկսում է հավելյալ արժեք ձեռք բերել, եթե այն վարում է ակտիվ քաղաքականություն։ Մեր պարագայում նշված խնդիրների համար նման ակտիվության կարևոր ուղղություններից պետք է լինեն, մասնավորապես, Միջին Արևելքի երկրները, Հնդկաստանը, Չինաստանը։
Պաշտպանական կարողություն
Մեր պետականության վերապրելու հրամայականը պահանջում է, որ Հայաստանն իրականացնի զինված ուժերի և ընդհանուր պաշտպանական կարողությունների՝ պատմությանը հայտնի թերևս ամենաարագ արմատական վերափոխումներից մեկը։
Մի կողմից՝ թշնամու թվային առավելությանը պետք է հակադրել բանակի համալրման բոլորովին նոր մոտեցումը, որը ենթադրում է, որ, ըստ էության, յուրաքանչյուր քաղաքացի զինվորագրվում է՝ կատարելով տարբեր գործառույթներ։ Ամբողջ բնակչության ինտենսիվ պատրաստումը հնարավոր պատերազմական գործողություններին պետք է դառնա կարևորագույն գերակայություն։
Պատերազմական պայմաններում քաղաքացիական պաշտպանության, թիկունքի կազմակերպման և քաղաքացիական այլ անհրաժեշտ բոլոր գործառույթների իրագործումը պետք է դասավանդվի ոչ միայն դպրոցներում, այլև դրա համար ստեղծված հատուկ համայնքային կառույցներում։ Դպրոցներում զինվորական պատրաստությունն ու քաղաքացիական պաշտպանությունը տեսական առարկայից պետք է վերածվի գործնական պարապմունքների, արշավների և հավաքների հետևողական ծրագրի։
Արդյունավետ կազմակերպման պարագայում Հայաստանն ունի մինչև 200 000 ակտիվ պահեստազորային ունենալու ներուժ՝ մոբիլիզացիոն ռեսուրսի և աշխարհազորի հաշվին։ Սա ենթադրում է, որ զինծառայության տարբեր տեսակների համար պիտանի յուրաքանչյուր արական սեռի քաղաքացի ամեն տարի անցնում է մեկ-երկու շաբաթ տևողությամբ պահեստազորային ուսումնավարժանք, որը կազմակերպվում է ըստ համապատասխան մասնագիտացումների, և որի ընթացքում պահպանվում է աշխատավարձը։
2014 թ․-ից ի վեր «Արար» հիմնադրամի աջակցությամբ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում իրականացված մեկ շաբաթանոց պահեստազորային հավաքները ցույց տվեցին իրենց արդյունավետությունն ու օգտակարությունը ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ի թիվս այլ նախաձեռնությունների (ՈՄԱ-ն լավագույն օրինակներից է)՝ այն լավ հիմք հանդիսացավ, որ Գլխավոր շտաբի կողմից մշակվի աշխարհազորի մասին օրենքի նախագիծը, որը սակայն թերի է, քանի որ չի պարունակում պահեստազորի ինտենսիվ վերապատրաստումների ծրագիր։ Վերջինս պետք է ամրագրել օրենքով։
Մարտական պայմաններում փոքրաթվությունը պետք է վերածել առավելության՝ խելացի մտածված կազմակերպման, տեխնոլոգիատարության և առավելագույն դինամիզմի հաշվին։ Հայաստանը պետք է վերածել պատսպարանների և թունելների խիտ ցանց ունեցող անառիկ մի տարածքի։ Պատսպարանների, թաքստոցների, թունելների կառուցման չափազանց ցածր մակարդակը թերևս մեր անկախության տարիների պաշտպանական համակարգերի կառուցման ամենամեծ բացթողումներից մեկն է և արտահայտում է մեր ռազմավարական մտածելակերպի վիճակը։ Սրանց կառուցումը չի պահանջում ահռելի ռեսուրսներ, թանկ և անհասանելի տեխնոլոգիաների կիրառում։ Նման անվտանգային միջավայրում գտնվող երկրում չպետք է թույլատրվի կառուցել որևէ նշանակալի բնակելի կառույց առանց համարժեք պատսպարանի։ Սա քաղաքաշինական քաղաքականության և չափանիշների սահմանման խնդիր է։ «Պահապան» հիմնադրամի փորձը Տավուշի դպրոցներում թաքստոցների և պատսպարանների կառուցման գործում ցույց է տալիս, որ կարելի է գտնել արդյունավետ լուծումներ նույնիսկ արդեն իսկ կառուցված շենքերի պայմաններում։
2020 թ. Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից պատերազմի տեխնոլոգիատարությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Աշխարհը թևակոխել է տեխնոլոգիական հեղափոխության (շատերն այն կոչում են «4-րդ արդյունաբերական հեղափոխություն») մի դարաշրջան, որի առանձնահատկությունն այն է, որ այն շարժում են միանգամից մի շարք բեկումնային տեխնոլոգիաներ (արհեստական բանականություն, ամպային տեխնոլոգիաներ, նոր էներգիայի աղբյուրներ, ռոբոտաշինություն, եռաչափ տպագրություն, գենետիկա, սինթետիկ կենսաբանություն և այլն)։ Մեկ այլ առանձնահատկություն է այն, որ այժմ ռազմական ոլորտն ավելի շատ է փոխառում տեխնոլոգիաներ քաղաքացիականից, քան հակառակը։ Սա հանգեցնում է նրան, որ մի շարք տեխնոլոգիական լուծումների մշակման արժեքներն էապես նվազել են և հասանելի են նաև փոքր երկրների համար։
Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման համար նախ անհրաժեշտ է արմատապես փոխել վերաբերմունքը և քաղաքականությունը տեղական կարողությունների վերաբերյալ։ Թեպետ 2016 թ․ ապրիլից հետո ոլորտին տրամադրվող պետական ռեսուրսները շարունակաբար մեծացան, որոնց ավելացան նաև մասնավոր ռեսուրսները, սակայն դրանք դեռ բավականին փոքր են և պետական կառույցների իներցիայի, զավեշտի հասնող բյուրոկրատիայի, պահպանողականության և տեղական մշակումների նկատմամբ պահպանվող կասկածամտության պատճառով զարգացումները չափազանց դանդաղ են։ Կարգավորումները կարծես նախատեսված էին պատժելու նախաձեռնողականությունը, որի հետևանքով գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման համակարգը նմանվում է ավելի շատ պատրաստի ապրանքների գնումների և բացառում ձախողման հնարավորությունը ։
Ռազմարդյունաբերություն հնարավոր է զարգացնել միայն որոշակի «վստահության ապառիկ» տրամադրելով նրան։ Հայաստանի ՏՏ ոլորտում կուտակվել են համաշխարհային կարգի կարողություններ, արդեն կան մի քանի ընկերություններ, որոնց բիզնեսի արժեքը չափվում է ԱՄՆ դոլարով արտահայտված յոթանիշ թվերով։ Այդ կարողությունները սկսում են իրենց կիրառությունները փնտրել ռազմական ոլորտում։ Եվ այդ առումով՝ այսուհետ Հայաստանում տեխնոլոգիական բիզնեսն ունի ավելի մեծ առաքելություն, քան ստանդարտ բիզնես նպատակները։
Կարողությունների զարգացման տեսանկյունից կարևոր են նաև գիտության զարգացման հեռանկարները։ Ընդհանրապես, առանց լուրջ գիտության՝ մեր տեխնոլոգիական ոլորտն ունի զարգացման սահմանափակ հնարավորություններ։ Մյուս կողմից՝ պետք է ընդունել, որ գիտության նպատակն ուղղակիորեն տեխնոլոգիաների զարգացումը չէ։ Այնուամենայնիվ, ելնելով մեր իրավիճակից, կարծում ենք, որ հնարավոր է նպատակադրել, որ Հայաստանում գիտական ֆինանսավորման մինչև կեսը ուղղակի կամ անուղղակի կապված լինի Հայաստանի լայն իմաստով պաշտպանունակության զարգացման հետ (սա վերաբերում է և՛ բնական, և՛ հումանիտար գիտություններին)՝ առանց վնասելու ակադեմիական ազատության սկզբունքը։ Պետք է ամբողջովին վերափոխվի ֆինանսավորման համար թեմաների առաջադրման համակարգը և կիրառվեն նոր չափանիշներ։ Սա ենթադրում է հատուկ կառույցի առկայություն, որը կարողանում է «թարգմանել» ապագա անվտանգային պահանջները կոնկրետ գիտական հետազոտությունների թեմաների։
Այնուամենայնիվ, սպառազինությունների մի կարևոր մաս ստիպված ենք ձեռք բերել այլ երկրներից։ Մեր ռեսուրսային սահմանափակումները մեզ ստիպում են խիստ ընտրողական լինել սպառազինությունների ձեռքբերման մեջ։ Հետևաբար, հստակ սկզբունքների կիրառումն առաջնային կարևորություն է ստանում։ Այդ նպատակով կարելի է առանձնացնել երեք հիմնարար սկզբունք՝ (1) ազդեցություն/ծախս առավելագույն հարաբերակցություն, (2) ճշգրիտ միջոցների նախապատվություն, (3) անհամաչափ պատասխանների հնարավորությունների ստեղծում։
Վերը թվարկածի իրագործումը պահանջում է պատերազմի շոկի ենթարկված պաշտպանության նախարարության ամբողջական վերակազմակերպում։ Սա խիստ բարդ խնդիր է։ Կառավարման լավագույն կիրառությունները ցույց են տալիս, որ նմանատիպ բարդ համակարգերի վերափոխման նախաձեռնությունների հաջողության հավանականության մեծացման համար հաճախ ստեղծվում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որտեղ փորձարկվում ու կատարելագործվում են նորարար մոտեցումները և այնուհետև դրանցից հաջողվածները տարածում ամբողջ համակարգով։
Ռեսուրսային ապահովում
Մեր գնահատմամբ՝ ապագա պատերազմին համարժեքորեն պատրաստվելու համար Հայաստանը ստիպված է լինելու մոտակա հինգ տարվա մեջ տարեկան ծախսել 1-1,5 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա նշանակում է, որ ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունն առավել քան կրկնապատկվելու է՝ հասնելով մոտ 8%-10%-ի։ Սա այսօրվա դրությամբ աշխարհի մակարդակով ամենաբարձր ցուցանիշներից է, սակայն պատմական առումով աննախադեպ չէ։ Իսրայելի նույն ցուցանիշի միջինը 1960-2019 թթ․ ժամանակահատվածի համար (60 տարի անընդմեջ) եղել է 12,5%՝ 1975 թ․ հասնելով ընդհուպ 30,5%-ի (անմիջապես պատերազմից հետո)։
Միայն բյուջետային ծախսերի վերադասավորումները բավարար չեն լինի նման շեշտակի աճի համար, քանի որ էականորեն կվնասեն հանրային ֆինանսների կարիք ունեցող այլ ոլորտները։ Կա ֆինանսավորման չորս հնարավոր աղբյուր՝ պարտքի ավելացում, սփյուռքի օժանդակություն, արտաքին օժանդակություն, հարկերի ավելացում։ Թեպետ Հայաստանն արդեն իսկ ունի պետական պարտքի բարձր մակարդակ (շուտով կանցնի օրենսդրորեն ամրագրված ՀՆԱ-ի նկատմամբ 60% շեմը), սակայն, իրավիճակից դրդված, պետք է պատրաստ լինել գնալու ավելացման (ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի՝ մինչև 15-20 տոկոսային կետի չափով ավելացումը ՀՀ-ի պարտքը մոտավորապես կհավասարեցնի Մոնտենեգրոյի և Սլովենիայի այսօրվա պարտքի մակարդակներին)։ Ըստ էության, սա նշանակում է պարտք վերցնել ապագա սերունդներից, ինչը, այդ ապագան հնարավոր դարձնելու հրամայականից դրդված, ամբողջապես արդարացված է։ Նույն հրամայականով պետք է սփյուռքի ռեսուրսները ևս ներգրավվեն, ինչի համար կրիտիկական է վստահության գործոնը և առաջարկվող ծրագրերի արդյունավետությունը։ Արտաքին օժանդակության հնարավոր ծավալները դժվար գնահատելի են, եթե ընդհանրապես հնարավոր են առանց ինքնիշխանության էական զիջումների։ Այդուհանդերձ, առաջին երեքը հնարավոր է լինելու, միայն եթե Հայաստանի հասարակությունն առաջինը իր վրա վերցնի այդ բեռը։ Դա պետք է լինի նրա հստակ ընտրությունը։ Հայաստանի քաղաքացին Հայաստանում ստեղծված ավելացված արժեքի ավելի մեծ մասը պետք է պատրաստ լինի հատկացնելու անվտանգության ապահովմանը հարկերի և պարտադիր կամ կամավոր մասհանումների ավելացման միջոցով։
Մյուս կողմից՝ ռազմական ծախսերի արդյունավետ կառավարման պարագայում հնարավոր է դրանց մի մասն օգտագործել տնտեսական ներուժի ավելացման համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է նոր, առավելագույնս պրագմատիկ տնտեսական քաղաքականություն, որն արտահայտում է նոր իրականությունը։ Այդ իրականությունում անիրատեսական է ակնկալել մեծածավալ օտարերկրյա ներդրումներ կարճաժամկետ հեռանկարում։ Տնտեսական աճի խթանման համար կիրառելի է մնում երկու ուղղություն՝ (1) պետական կատալիտիկ ներդրումների միջոցով փոխլրացնել և խթանել մասնավոր ներդրումները, (2) վերացնել ներդրումների համար առանցքային սահմանափակումները։ Առաջինը պահանջում է չափազանց ընտրողական և գրագետ ներդրումային նախագծերի մշակում և իրագործում, որոնց բազմապատկական (մուլտիպլիկատիվ) ազդեցությունը մասնավոր ներդրումների վրա առավելագույնն է։ Երկրորդի պարագայում, ըստ մեր հետազոտությունների, առանցքային սահմանափակումներից ամենակարևորներն են նոր, ավելի գրավիչ արտահանելի հատվածի տնտեսական գործունեության տեսակների բացահայտման սահմանափակ հնարավորությունները և մարդկային կապիտալի անբավարար որակը։ Դրանց վերացումը պահանջելու է բոլորովին նոր տեսակի նորարարությունների խթանման և կրթական քաղաքականություն։
Ռեսուրսային խնդրի մեկ այլ չափողականությունը մեր ժողովրդագրական պատասխանն է։ Բազմազավակ ընտանիքը այդ պատասխանի հիմնասյունն է։ Այդպիսի ընտանիքը հասարակության մեջ պետք է ունենա արտոնյալ կարգավիճակ, հետևաբար, արդյունավետ կլինի անցնել «համահավասարեցնող» միանվագ կանխիկ վճարումների համակարգից բազմատեսակ սոցիալական արտոնությունների տրամադրման (բնակարանային ֆոնդ, սոցիալական ծառայությունների տրամադրում, զեղչեր և այլն) համակարգի, որը պետք է փոխլրացնել հետևողական hանրային հաղորդակցությամբ։ Ժողովրդագրության բարելավումը կախված է նաև սերունդների առողջության պահպանման մեծագույն պատասխանատվության ստանձնումից։ Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի օգտվել առողջապահության ոլորտում համաշխարհային նոր միտումներից, որոնք են մասնավորապես՝ նոր զարգացող բեկումնային տեխնոլոգիաների լայն կիրառումները առողջապահության մեջ, շեշտադրումը հիվանդությունների կանխարգելման վրա և առողջապահական ծառայությունների կազմակերպման և ֆինանսավորման նոր մոդելները։
Պատերազմելու բարոյականը
Պատերազմը շոշափում է մարդու բարոյականի ամենախոր շերտերը, նրան առերեսում ամենախորքային բարոյական ընտրություններին, կյանքը զատում «մինչև»-ի և «հետո»-ի, գոյությունը և գոյության «ինչու»-ն դարձնում այժմեական հարցադրում և պարտադրում պատասխան։ Յուրաքանչյուրի ընտրության համար գիտակցական և անգիտակցական մակարդակներում էական են դառնում երեք հիմնարար արժեքներ՝ ինքնությունը, ազատությունը և արդարությունը։
Ինքնությունը սահմանվում է արարման և հավերժության ձգտումի սեփական տեսակի կամ ճանապարհի ընկալմամբ։ Ազգային ինքնագիտակցությունը ազգի մակարդակով այդ հավաքական տեսակի և ճանապարհի զգացողությունն է։ Ինչքանով որ ուժեղ է հավատն այդ ձևի և ճանապարհի հանդեպ, այդքանով ուժեղ է ինքնության գիտակցությունը, հետևաբար, նաև՝ այն պահպանելու համար պայքարելու պատրաստակամությունը։ Իր լավագույն դրսևորման մեջ այդ պայքարը սեփական յուրահատկության համար է, այլ ոչ երբեք՝ գերազանցության։ Իսկ յուրահատուկ կենսաձևի պահպանումը հնարավոր է միայն ազատության մեջ։
Ազատությունը սոսկ սեփական ընտրությամբ ճակատագիրը տնօրինելու ձևական հնարավորությունը չէ․ իրական ազատությունն ունի այդ յուրահատկությունն իրացնելու կոնկրետ բովանդակային նպատակ։ Այդ է պատճառը, որ ազատներն ավելի ուժեղ են պայքարի, կռվի և պատերազմի մեջ, ինչը փաստվում է համաշխարհային պատմության բազմաթիվ դրվագներով։ Մյուս կողմից՝ պատերազմը հավաքական ջանք է, ծայրահեղորեն հավաքական, որում կան զոհողություն և հատուցում։ Ուստի արդարության զգացողությամբ է մեծապես պայմանավորվում անհատների՝ հավաքական ջանքին մասնակցելու պատրաստակամությունը։
Անկախության վերականգնումը և Արցախյան առաջին պատերազմը սկսվեցին ազատության «բռնկումով» և ուղեկցվեցին դեպի ազգային ինքնության ակունքներ վերադարձով։ Կարծես թե մեր յուրահատուկ ուղին մեզ հոգեհարազատացավ։ Բայց մենք ձախողվեցինք արդար և դիմադրողականություն ունեցող հասարակություն կառուցելու հարցում, ինչի պատճառները բազում են՝ սկսած պետականաշինության ավանդույթների երկարամյա բացակայությունից, նյութապաշտական արժեհամակարգի տարածումից մինչև դասական «հաղթողների անեծքի» էֆեկտից։ Կուտակված անարդարության դեմ ժողովրդական ընդվզման գագաթնակետը 2018 թ․ հեղափոխական իրադարձություններն էին։ Սակայն դա և դրան հետևած իրադարձությունները բացահայտեցին առավել վտանգավոր արժեքային շեղումներ։
Նախ՝ արդարության ընկալումը ստացավ մեծապես սոցիալական արդարության ձև։ Երկրորդ՝ վերջինիս արտահայտությունն ավելի շատ «ուրիշին» մեղավոր կարգելու մոլուցքն էր, այլ ոչ՝ համընդհանուր վերափոխումը և հասարակական համերաշխությունը, և դրան ստորադասվեցին անվտանգությունը և ինստիտուտների գործունեությունը։ Սրան գումարվեցին համաշխարհային ուժային կենտրոններից գաղափարախոսական երկարատև հետևողական ազդեցությունները։ Դրանցից ամենաուժեղը թերևս համաշխարհայնացման այն տարատեսակն է, որը փաթեթավորվում է ազատականության ծայրահեղ և ձևապաշտական ընկալումներով։ Այն հանգեցնում է հասարակության ատոմացմանը՝ ընդհուպ մինչև անհատ, որը վերածվում է իրավունքների և պարտականությունների հանրագումարի։ Դրա համար խոչընդոտ են կենսական պաշտպանական նշանակություն ունեցող և հավաքական գիտակցություն ձևավորող ինստիտուտները՝ ընտանիք, Եկեղեցի, ազգային դպրոց, բանակ, ազգ։ Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ ըստ էության կորցնելով Արցախը որպես հայկական ինքնիշխան տարածք ու կանգնելով մեր պետականության համար անմիջական գոյաբանական սպառնալիքի առջև՝ մենք՝ որպես հասարակություն, չենք կարողանում անմիջապես անցնել մեր հավաքական պատասխանի ձևակերպմանը։
Ինչպես միշտ, հիմնարար լուծումը լայն իմաստով կրթության մեջ է, որի առաքելությունը արժեքների ընտրության, անընդհատ սովորելու, մտածելու և առաքինություններով ապրելու կարողության հաղորդումն է։ Այս իրավիճակը մեզ դրդում է դառնալու ամենաշատ կրթվող քաղաքացիներ ունեցող պետություններից մեկը։ Երբ կա մեկ գերնպատակ և յուրաքանչյուր սովորող ու արարող մարդ ունի ավելի մեծ առաքելություն, և նման գերնպատակի առկայությունը սարսափելի մեծ ուժ է։
Ինչպես է հնարավոր վերափոխման տանող առաջնորդությունը
Կիրառական հարցն այն է, թե ինչպես է հնարավոր, որ ի հայտ գա այնպիսի առաջնորդություն, որը թեկուզ կրում է մեր բոլորի մեղքերի կնիքը, սակայն ունի հատկություններ, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու և իրագործելու մեր հավաքական պատասխանը գոյաբանական մարտահրավերին։ Խոսքը միայն քաղաքական առաջնորդության մասին չէ, թեև այն առաջինն է։
Նախորդ փուլերում եղած առաջնորդության տեսակները մեծ մասամբ տրամաբանորեն բխում էին երկրի հետագիծը որոշող առանցքային հարցից, իսկ այդպիսին եղել է Արցախյան հարցը, և երկրի ղեկավարությունը ստանձնել են Արցախյան շարժման և հաղթանակի առաջնորդները՝ «արտոնյալության» հոգեբանությամբ և դրանից բխող հետևանքներով, որոնցից ամենավտանգավորը անարդարության սուր զգացումն ու շատերի օտարացումն էր պետությունից։ Հաջորդ իշխանության ակունքը նման դրվածքի ժխտումն էր, առանց էական բովանդակային օրակարգի։ Ժխտման վրա հիմնված առաջնորդության տրամաբանական հանգուցալուծումը քաոսն է։ Մեր դեպքում քաոսը կոնկրետ դեմք ունի՝ ցավալի պարտությունը Արցախյան երկրորդ գոյամարտում։ Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ հաջորդ փուլի առաջնորդության տեսակը կանխորոշված չէ, քանզի իրավիճակը բարձր աստիճանի ոչ գծային է։ Մեր առանցքային հարցը գոյաբանական մարտահրավերին մեր Պատասխանի հարցն է։ Տրամաբանորեն հաջորդ առաջնորդության ակունքը պետք է լինի հենց դա։ Սակայն հնարավոր է, որ փաստացի ստանանք մասնատված օրակարգերի մի անհամատեղելի բույլ։ Այս պարագաներում ապագան կախված կլինի փոքրաթիվ, սակայն խորապես նվիրյալ խմբերից, որոնք կառաջանան՝ առաջ մղելու Պատասխանի օրակարգի իրենց բաժինը այն ակնկալիքով, որ իրենց առաջնորդության օրինակը և աճողական ազդեցությունը մի օր կդառնան հավաքական օրակարգ։
Կյանքի գրավչությունը
Ինչպե՞ս կարող է կյանքի համար գրավիչ լինել մի երկիր, որի մշտական օրակարգում պատերազմի պատրաստությունն է։ Մեր երկրում քաղաքացիների անվտանգության զգացողությունը այնքանով բարձր է լինելու, որքանով որ նրանք ավելի պատրաստ են լինելու իրենք իրենց պաշտպանելու, այլ ոչ թե կախված մնալ այլոց անկանխատեսելի կամքից։ Իսկ անվտանգության զգացողությունը կյանքի գրավչության հիմնարար պայմանն է։
Պետության կազմակերպման նման մոդելը ունի մի շարք առավելություններ, որոնք կարող են բարձրացնել քաղաքացիների մրցունակությունը համաշխարհային մակարդակով։ Նախ, դրա հիմքում անընդհատ սովորող, վերապատրաստվող և կարգապահ հասարակությունն է։ Նման միջավայրում ծնվում են նոր կրթական մոտեցումներ, անհատներ, որոնք առավելապես պատրաստ են այսօրվա կյանքի մարտահրավերներին։ Երկրորդ, տեխնոլոգիահեն զարգացման կողմնորոշումը երկրում համաշխարհային մակարդակով մրցունակ կարողությունների աղբյուր է և, հետևաբար, ստեղծարար և մրցունակ տնտեսական միավորների հիմք։ Երրորդ, իր լավագույն դրսևորումներում այդպիսի հասարակությունն ունի բարձր սոցիալական համերաշխություն։ Վերջապես, գոյաբանական վտանգի շուրջ կազմակերպված հասարակությունում հոգևոր գիտակցությունը սրվում է և արարում կենսական իմաստներ։ Գաղափարական արժեզրկման փուլում գտնվող աշխարհում կենսագործելու լավագույն միջավայրերը լինելու են հոգևոր իմաստներ արարող տարածքները:
Մանուկ Հերգնյանը «Արար» և «Պահապան» հիմնադրամների համահիմնադիրն է:
Արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: