Տիրան Խաչատրյանի գործով նիստը նշանակվել է ապրիլի 29-ին
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլի 29-ին նիստ է նշանակել ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով։ Այս մասին News.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն, ըստ որի ինքն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Գործով պատասխանողը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, իսկ որպես երրորդ անձինք են ներգրավել վարչապետի աշխատակազմը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը։
Հատկանշական է, որ դատարանի որոշման մեջ նշված է, որ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Օնիկ Գասպարյանը երեկ հայտարարել էր, որ ինքը ևս դիմել է վարչական դատարան: Նա հակասահմանադրական էր որակել իրեն ազատելու վերաբերյալ կառավարության հայտարարությունը: