Կառավարությունը հերքում է «լոքդաունի» մասին լուրերը

Հայաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները խստացնելու առաջարկ չի ներկայացրել: Ավելին, այս փուլում նման հարց նույնիսկ չի էլ քննարկվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նշենք, որ սոցիալական կայքերում ու Տելեգրամ ալիքներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Փաշինյանը հանձնարարել է մարտի 15-ից կորոնավիրուսի վիճակի վատթարացման հիմքով Հայաստանում դարձյալ արտակարգ դրություն հայտարարել ու այդ պատրվակով արգելել հավաքները։ Ըստ տեղեկությունների` երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմի («լոքդաուն»)՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերում աշխատանքի արգելքով:

«Նման հարց չի քննարկվում: Այս պահին մենք խոսում ենք միայն իրավիճակի լարվածության մասին` կապված կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի օրական աճի հետ», - Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Նրա խոսքով` նախարարությունը շարունակում է քաղաքացիներին հորդորել զգուշավորություն ցուցաբերել և պահպանել հակահամաճարակային կանոնները `դիմակ դնել, սոցիալական հեռավորություն պահել ու ախտահանել ձեռքերը: