Գագիկ Ծառուկյանն ասուլիս է տվել մի քանի լրատվամիջոցների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասուլիս է տվել մի քանի լրատվամիջոցների՝ «Հրապարակ», «Ժողովուրդ», «168 ժամ», Tert.am և «Կենտրոն» հեռուստաընկերություն։ Ասուլիսը տեսաձայնագրվել է, որը կցուցադրվի երեկոյան՝ նշված լրատվամիջոցներով։ Ծառուկյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, վերջին իրադարձություններին, խոսել է նախագահի հրավերի և Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին։ Նա կրկնել է, որ լուծումը վարչապետի հրաժարականն է և արտահերթ խորհդրարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինքը ինչ ասել է՝ պնդում։

 

Hraparak.am-հարցին ինչպե՞ս է վերաբերվում նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ընդդիմադիր ուժերն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն նախագահականում և գտնեն լուծումներ ստեղծված իրավիճակից, Ծառուկյանն ասել է, որ իր տեսակետը նույնն է, ինչ երեկ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով, Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ, քանզի իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

Իսկ ուղիղ եթերի իմաստն այն է, որ չասեն՝ գնում թաքուն բանակցում են։ «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․ հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»,-ասել է Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է իր և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպմանը, թե լինելո՞ւ է, ի վերջո, երկկողմ հանդիպում, Ծառուկյանն ասել է «Իհարկե, լինելու է, քանի որ Հայրենիքի փրկության շարժման մեր գործընկերների հետ հանդիպել ենք, այդ թեման ասել ենք, որոշողը ես եմ, ես ասել եմ՝ հանդիպելու եմ։ Ինձ թվում է, շուտով հանդիպումը կլինի և բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։ Իսկ օրակարգը հանդիպման նույնն է«Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, և պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացածը՝ կհանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի»,-ասել է Ծառուկյանը, տեղեկացնում է News.am։