Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ասում են` երբ ադրբեջանցի գերիները եղել են Հայաստանում, իբր ես անձամբ այցելել եմ քրեակատարողական հիմնարկ, իրենց հետ կոպիտ եմ խոսել։ Իրենք ուզել են ինձ հետ առանձին հանդիպել, ես մերժել եմ»,– ասաց Թաթոյանը` հավելելով, որ դա բացարձակ սուտ է։

Պաշտպանը նաև հայտնեց, որ իր ղեկավարած կառույցի ներկա կարգավիճակը թույլ է տալիս միջազգային ասպարեզում հանդես գալ իբրև ավելի վստահելի, քան Ադրբեջանի ՄԻՊ–ը։ Բանն այն է, որ Հայաստանի ՄԻՊ գրասենյակին տրվել է որակավորման բարձրագույն A կարգ, մինչդեռ Ադրբեջանի ՄԻՊ–ն ավելի ցածր` B կարգ ունի։ Ընդ որում` կարգը շնորհելիս հաշվի է առնվում նաև կառույցի ֆինանսական անկախությունը տվյալ երկրի կառավարությունից։

Թաթոյանի խոսքով` 2020թ–ին Ադրբեջանը փոփոխություն է կատարել իր ՄԻՊ մասին օրենքում` դրանում նույնությամբ ամրագրելով ՄԻՊ–ի մասին ՀՀ օրենքի ֆինանսական անկախությանը վերաբերող դրույթը, հիմա այդ հիմքով դիմել է միջազգային կառույցներին` խնդրելով վերանայել ՄԻՊ գրասենյակի վարկանիշը։

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, հակառակը,օրենքից առաջարկում է հանել նույն այդ դրույթը` դրանով, ըստ Թաթոյանի, վտանգելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին տրված միջազգային բարձրագույն վարկանիշը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։