Սաղաթելյան․ Շատ շուտ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շատ շուտ է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսել։ Նախ պետք է վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն արձակվի։ Երբ այս պրոցեսները տեղի կունենան, այն ժամանակ էլ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, նախագահականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Օրինակ, համարենք երկրում ընտրություններ են լինելու, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է գնա ինչ-որ գյուղ նախընտրակական քարոզարշավի, հիմա պատկերացրեք այդ տեսարանը, որ դիմացից պետք է գնա 2000 հոգանոց ներքին զորքերը, հետո կարմիր բերետավորները, անվտանգության աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով, տվյալ գյուղի մշակույթի տան գլխին կանգնած լինեն դիպուկահարները և մարզպետները ոնց որ այս օրերին են անում, խմիչքի հետ սեր ունեցող մարդկանց գտնեն, որոնք կանգնելու են նրա դեմն ու ասեն՝ փակեք 5-րդ ալիքը, Արմնյուզը, գնդակահարեք 17 կուսակցություններին և կեցցե մեր վարչապետը։ Եթե էդ մարդը չի կարողանում քաղաքի կենտրոնում 100 մետր շարժվել, զորքով է շարժվում, ո՞նց է ընտրությունները կազմակերպելու։ Ես չեմ պատկերացնում»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալ չի ուզում, պարզապես ձևական օրակարգ է առաջ տանում՝ լուրջ հարցերից շեղելու համար։
«Ընտրություններ նշանակելու համար, ինքը ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի օժանդակության կարիքը չունի։ Ինքը կարող է հենց վաղն էլ հրաժարական տալ, խորհրդարանն արձակվի և ընտրություններ նշանակվեն, ինչո՞ւ չի անում սա, որովհետև չի ուզում, պարզապես մեզ շեղում է բուն օրակարգից։ Այսինքն՝ հիմա խոսել ընտրություններից, բուն օրակարգը թողնելով, համարում եմ՝ անիմաստ։ Մենք չպետք է մտնենք իր օրակարգը։ Նախագահի վերջին նախաձեռնությամբ իրենք ուզում էին մեզ շեղել օրակարգից»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին, նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին այսօր՝ մարտի 13-ին ժ. 12:00-ին, նախագահական նստավայրում հրավիրել էր հանդիպման։
ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ընդունել էին նախագահի հրավերը։ Կառավարությունը չէր արտահայտել իր դիրքորոշման մասին, Հայրենիքի փրկության շարժումն էլ հայտարարել էր, որ այդ հանդիպման հրավերը կընդունեն այն պարագայում, եթե իրենց առաջարկած օրակարգով առաջնորդվեն, այն է՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ ընտրություններ։ ԲՀԿ-ն ևս հայտարարել էր, որ իրենք պնդում են, որ վարչապտը պետք է հրաժարական տա և նոր անցկացվեն ընտրություններ։
«Նախագահի աշխատակազմը նախօրեին հայտարարեց, որ Հայրենիքի փրկության շարժումն ու ԲՀԿ-ն այլ օրակարգ են մեջ տեղ բերել և այդ հանդիպումը իրագործելի չէ, պահանջում եմ, որ նախագահը հստակ ասի՝ վարչապետի աթոռին նստած անձը համաձայնվե՞լ էր այդ հանդիպմանը, թե՞ ոչ։ Սա պետք է հստակ ֆիքսել, որ այն կողմից ևս դիրքորշում չի եղել և սա հերթական շոուն էր, որ մենք ելքեր ենք փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց իրենք ելքեր չեն փնտրում, իրենք ֆոտոներ, տեսարաններ են փնտրում, ինչպես արեցին Գենշտաբում, իսկ մենք այդ անբովանդակ, ձևական քննարկումներին ներկա լինել չենք կարող»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հավելենք՝ ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
Մինչ Նիկոլ Փաշինյանի ու նախագահի հանդիպումը՝ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք փորձում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։ Քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշոց սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից, սակայն Փաշինյանը շարասյունով արդեն նախագահական էր մտել, տեղեկացնում է News.am-ը: