Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանից հաղորդագրություն է ստացվել, որ Օհանյանը դեռ հոսպիտալում է և չի կարողանա մասնակցել նիստին: Փաստաբանը նաև հայտնել էր սեփական առողջական խնդիրների մասին և խնդրել իր բացակայությունն անհարգելի չհամարել:
Դատավորը փաստաբան Արամ Վարդևանյանից հետաքրքրվեց, թե որն է Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառը: Փաստաբանը հայտնեց, որ իմանալով Օհանյանի առողջական խնդիրների և առաջիկա նիստին նրա բացակայության մասին, ինչպես նաև կասկածելով, որ իր մոտ կորոնավիրուս է, ինքն է խորհուրդ տվել Քոչարյանին չգալ նիստին:
Հիշեցնենք, որ ներգրավված մեկ անձի կամ նրա փաստաբանի բացակայությունն ինքնաբերաբար նշանակում է նիստի հետաձգում:
Վարդևանյանը հայտնեց, որ այսօր ստացել է թեստի պատասխանը, որը բացասական է, և եթե դատարանը ցանկանում է անպայման տեսնել Քոչարյանին, ապա 10-15 րոպե ընդմիջում է խնդրում` իր պաշտպանյալի ներկայությունն ապահովելու համար: Դատարանն անհրաժեշտ չգտավ:
Տեղի ունեցողի վերաբերյալ իր վրդովմունքն արտահայտեց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա արձանագրեց, որ արդեն 4 նիստ հետաձգվում է տարբեր անձանց առողջական վիճակի պատճառով: Դատախազը տեղեկացրեց հատուկ պահանջներ ներկայացնելու մտադրության մասին, որպեսզի տարբեր անձանց վերաբերող մասերը բաժանվեն առանձին վարույթների: «Բերվում են տարբեր պատճառներ, որպեսզի գործը առաջ չընթանա»,- ասաց դատախազը:
Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ մարտի 23-ին Սահմանադրական դատարանը քննարկելու է 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ Քոչարյանի հայցը: Դատարանը համարեց, որ նիստին խոչընդոտներ չկան և հաջորդ նիստը նշանակեց մարտի 23-ին ժամը 13-ին, տեղեկացնում է News.am-ը: