Կրկին ադրբեջանցիներ են պայթել ականի վրա. մեկը մահացել է, չորսը` վիրավորվել

Աղդամ (Ակնա) քաղաքի մոտակայքում Ադրբեջանի հինգ քաղաքացիներ են պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը։

Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացին մահացել է, չորսը` վիրավորվել։ Մահացածի և վիրավորների ինքնությունը դեռ հայտնի չէ։ Տվյալներ կան, որ տուժածները հայր ու որդիներ են։

Նշենք, որ նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում հակամարտության գոտում։

2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։

Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի հետևանքով մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգարօղլուն։

Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։

Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), մարտի 3-ին` Ակնայում (Աղդամ), մարտի 15–ին` նույնպես Ակնայում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ առանց իշխանությունների թույլտվության, տեղեկացնում է Sputnik Armenia: