Տիրան Խաչատրյանի փաստաբանները Վարչական դատարանին կներկայացնեն նոր փաստաթղթեր

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտպանները վարչական դատարան կներկայացնեն նոր փաստաթղթեր, որոնք հաստատում են Խաչատրյանին պաշտոնից հանելու որոշման անօրինականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է TK & Partners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։

«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է` մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի կասեցված հրամանագրի կատարումն ապահովող հրաման», – գրել է Ավետիքյանը։

ՊՆ ղեկավարի հրամանը Խաչատրյանի պաշտպանները կվիճարկեն մարտի 17-ին։

Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:

Yerevan.today կայքը մեկնաբանության համար դիմել էր Խաչատրյանին, վերջինս էլ ծիծաղելով նշել էր, որ նման հայտարարություններն ուղղակի անլուրջ են։

Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրել են ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականներ և պահանջել վարչապետի հրաժարականը, տեղեկացնում է Sputnik Armenia։