Ալիևն անձամբ է հանձնարարում Արցախի գրավյալ տարածքներից ջնջել հայկական հետքերը

Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ահազանգում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ տարածքներից ջնջում է հայկականության հետքերը։ Բալայանը նման գրառում է արել Twitter–ի իր էջում` կիսվելով ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի գրառմամբ։

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հանձնարարում ջնջել Արցախում գրավյալ տարածքներից հայկական հետքերը։ Ռազմական հանցագործությունները նախագահի մակարդակով լիարժեք շարունակվում է»,–գրել է Բալայանը։

Նշենք, որ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանն էլ հրապարակել է Ալիևի և նրա կնոջ` Մեհրիբան Ալիևայի լուսանկարները, որոնցում նրանք զննում են վանքերի պատերին արված հայկական զարդանախշերը։ Մաղաքյանն իր հերթին ահազագել է, որ ինչպես կանխատեսում էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին, Ադրբեջանը ջնջում է միջնադարյան հայկական գրությունները։

«Դոկտոր Իլհամ Ալիևը (այո, Նախիջևանում 28 000 միջնադարյան հուշարձաններ ոչնչացրած մարդը պատմության դոկտորի աստիճան ունի) գրությունները որակել է «կեղծ»,– նշել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։