Արմեն Աշոտյան․ Օնիկ Գասպարյանից կան ակնկալիքներ

Դատարանի բակում այս հավաքը դիտարկեք նաև այն բողոքի ակցիաների շրջանակներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում խայտառակ կապիտուլյացիայից հետո։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է News.am։

Նշենք, որ քիչ անց ընթանալու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս պահին դատարանի բակում հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀԿ-կան հայտնի դեմքեր, աջակիցներ:

Հարցին՝ արդյոք պահանջ կա՞ Սերժ Սարգսյանին իշխանության վերադարձնելու, Աշոտյանն ասաց. «Սերժ Սարգսյանը հայտարարել է և նշել է, որ կուսակցությունն էլ ավելի ակտիվ է լինելու քաղաքական կյանքում։ Հիշեցնեմ, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո ՀՀԿ-ն հենց սկզբից դիրքավորվեց որպես ընդդիմություն։ Ես շատ ուրախ եմ, որ մենք վաղուց միայնակ չենք ընդդիմության խրամատներում, շատ տխուր եմ, որ դրա պատճառը սկզբից Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունն էր, հետո դրա պատճառը նաև Արցախի շուրջ բանակցային գործընթացի խայտառակ, իսկ այսօր կարելի է ասել՝ դիտավորյալ տապալումն էր, հետո պատճառը COVID-ն էր։ Միայն պաշտոնական վիճակագրությամբ COVID-ից նույնքան մարդ ենք կորցրել, որքան Արցախյան վերջին պատերազմում։ Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ թևավոր դարձած՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» դարձվածքի բացատրությունները դուք առիթ կունենաք լսելու հենց Սերժ Սարգսյանի շուրթերից»։

Անդրադառնալով Վարչական դատարանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցի բավարարմանը՝ Աշոտյանն ասաց. «Կա դատական որոշում, ըստ որի կասեցվում է Օնիկ Գասպարյանի պաշտոնազրկման գործընթացը և զավեշտ է, որ առավոտ կանուխ Կառավարության ինչ-որ ուսապարկեր փորձում են մեկնաբանել, թե ինչ է ասել դատարանը և իրենց էշն են քշում։ Այս երկրում Նիկոլը և իր ուսապարկերն այլևս էշ քշելու իրավունք չունեն, որովհետև 3 տարի բոլորին էշի տեղ դրեցին»։

Արմեն Աշոտյանը շեշտեց՝ հա հստակ որոշում, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և վերջ. «Ես չգիտեմ՝ ինչ կանի հետո Օնիկ Գասպարյանը, բայց իրենից կան ակնկալիքներ, այնպես չի որ մենք հանդիսատեսներ ենք։ Նա պետք է վերցնի այն իշխանությունը, որն իրեն վերապահված է իր մանդատով. այն է՝ ղեկավարումը ԳՇ-ի։ Նա պետք է բարձրաձայնի նաև այն մասին, որ, այո, Հայաստանում ռազմական դրության կարիք չկա։ Թե չէ Նիկոլը գնում է Մոսկվա ու ասում՝ մենք նոր էջ ենք բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում, իսկ հետո ռազմական դրություն է պահում»։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ Աշոտյանն արձագանքեց. «Դավադիր սրիկան դեկտեմբերին ասաց՝ արտահերթ ընտրություն, մենք ասացինք՝ ֆեյք է, չի լինելու նման պրոցես, հայտարարեցինք, որ իր հետ որևէ քաղաքական գործընթացի մեջ չենք մտնելու, նա հետ քաշվեց, հիմա նորից է խոսում արտահերթի մասին։ Արտահերթ ընտրությունների նա հիմա էլ կարող է գնալ, բոլորը դրա մասին ասում են։ Նա ԱԺ խմբակցության վրա իշխանություն չունի, նա վստահ չէ, որ եթե հրաժարական տվեց…։ Նա իր ֆրակցիայի վրա անգամ իշխանություն չունի, ուր մնաց երկրում իշխանություն ունենա»։