Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ․ ԱՐՑԱԽԻՑ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 %-ը՝ հանձնվեց...

Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ մենք այն պաշտպանելու համար տվեցինք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, բայց պահել չկարողացանք, քանի որ մեր դեմ կռվում էին ադրբեջանաթուրքական բանակն ու վարձկան գրոհայինների բանդաները՝ իրենց տրամադրության տակ եղած ողջ ռազմատեխնիկական ներուժով...

Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները...

Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ ինքը պարտադրված էր գնալ այդ քայլին, քանի որ դա էին պահանջում ժամկետային զինծառայողների ծնողները, այսինքն՝ «ժողովուրդը...»

Բանակցությունների մակարդակով, արդեն ընթացքի մեջ է պանթուրանական ծրագրի մաս կազմող Մեղրիի միջանցքի ապաշրջափակման հարցը...

Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ առանց այդ քայլի Հայաստանի տնտեսությունն ապագա չուներ...

Փակման վտանգի տակ է Հայաստանի թիվ մեկ էներգոմատակարարը՝ Մեծամորի ատոմակայանը...

Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ Ռուսաստանը չկատարեց իր ռազմավարական դաշնակցի պարտավորությունները, քանի որ Հայաստանը չընդունեց ռուսական վարկի առաջարկը...

Արդյունքում Հայաստանը կզրկվի այն ձեռքբերումներից, որոնք տարիներ շարունակ եղել են ադրբեջանաթուրքական տանդեմի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունները...

Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը, ինչ կարգավիճակում կամ որտեղ էլ լինի, արդեն էական չէ, քանի որ մենք չենք ունենալու այն, ինչը ստեղծել ենք հազարավոր նվիրյալների արյան ու տարիներով կրած անասելի զրկանքների գնով...»:

News.am