Հրանտ Մաթևոսյանի որդի․ Հրաժարվեցինք ՀՀ կառավարության հետ անարդյունավետ բանակցություններից

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին` «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, հայտնում է, որ երեկ` մարտի 21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվել է «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից։

«2018-ից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ոչինչ–ոչինչ չի փոխվել և չի փոխվի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Դավիթ Մաթևոսյանը որոշել է այսուհետև դիմել բացառապես հանրությանը, ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին։

«Բոլորին, որ մշակույթի ու բանի ու Հրանտի արժեքն ու դերը հասկանում են. մեր կենտրոնը կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես` այդ ֆինանսավորմամբ: Առաջ, կառուցում ենք մեր կենտրոնը»,– ընդգծել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia: