Փոխնախարար․ Ներդրումային դաշտը վատացել է
Ներկայումս մի շարք ներդրումային ծրագրեր քննարկման փուլում են, այսինքն սկսած գաղափարի մակարդակից, վերջացրած արդեն որոշակի քայլերով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պետարազմի հետո ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացվել են:
«Նախարարությունը ներդրումային ծրագրերի մասին իմանում է միայն այն ժամանակ, երբ կա պետության հետ ինչ-որ առնչվելու խնդիր: Այսինքն հավանական է, որ ներդրումային ծրագրեր կան, որոնք ամբողջությամբ մասնավոր հատվածում են գործում և պետության ներգրավվածությունը օգուտ չի տա, և այդ մասին նախարարությունը տեղեկացված չի: Մենք համարում ենք, որ դա շատ լավ է, որովհետև որքան շատ հնարավոր լինի ներդրումային ծրագրեր իրականացնել առանց պետության ներգրավվածության, այնքան մենք մենք կարող ենք համարել, որ ներդրումային դաշտը բարելավված է»,-ասաց նա:
Փոխնախարարը նկատեց, որ ամբողջ տարածաշրջանում ներդրումային դաշտի հետ կապված խնդիր կա. «Այո, եղել է ռազմական բախում, պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծում է ռիսկեր: Հիմա մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ այդ ռիսկերը նվազեցվեն: Հիմա քննարկվում է սկսած գործիքակազմի կիրառումից, այսինքն ներդրումային ծրագրերի ուղղակի աջակցությունից, որը մինչև հիմա մենք չենք կիրառել, վերջացրած ենթակառուցվածքի տրամադրմամբ: Պատերազմ է տեղի ունեցել և ինչպես մեր մոտ է ներդրումային դաշտը վատացել, այնպես էլ Ադրբեջանում: Եթե մարդուն ասես՝ դե արի ներդրում իրականացրու, առնվազն ժամանակ է պետք, որ ներդրողները հանգստանան:
Երկարաաժմկետ տեսանկյունից կարող ենք ասել, որ մոդելները ցույց են տալիս, որ երկարաժամկետ առումով մենք կարող ենք աճել: Այսինքն այն գործոնները, որոնք մեզ դարձնում էին հետաքրքիր ներդրողների համար, բերում է նրան, որ մենք հետաքրքիրն է: Բոլոր միջազգային անկախ ուսումնասիրություններն ասում են, որ դա այդպես է»,-հայտարարեց Ավանեսյանը: