ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՆԴԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Իշխանությունը, որը հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ իբր լարվածության թուլացման և ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար, իրականում առաջ է տանում իր օրակարգը, որը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակն ու խորացնել ճգնաժամը։ Եվ որ ամենանողկալին է. այդ ամենն արվում է հասարակական համերաշխության հասնելու ցանկության քողի տակ։

Իրականում հասարակության մեծամասնությունը համերաշխ է մի հարցում. Նիկոլն ու իր ողջ խառնախումբը պիտի հեռանան և հնարավորություն տան պետությանը ոտքի կանգնել։ Բայց Նիկոլն ու իր խառնախումը այդ կարծիքին չեն։ Այլապես նա չէր շարունակի մասնատելու և իշխելու իր քաղաքականությունը։ Արագածոտնում գյուղացիների հետ շաբաթօրյա հանդիպման ժամանակ կրկին ծոր չէր տա վաղեմի երգը նախկինների, դավաճանության ու պարտության մասին, ինչը «դավաճանություն չէ» և «հաղթանակ է», հաղորդակցությունների մասին, որոնցից Հայաստանը միայն կշահի, թշնամու հետ բարեկամության մասին, որը «թշնամի չէ», վատերի, իրենց անկախ երևակայած վատ դատավորների մասին…

Հասարակությանը զայրացնող նրա այդ հայտարարությունները՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ իշխանության առաջ մղած որոշումներն ու օրինագծերը, համաձայնեք, կարող են միայն է՛լ ավելի թուլացնել երկիրը, հանգեցնել պետական ինստիտուտների անդառնալի ոչնչացման։ Բայց մի՞թե Փաշինյանին ու իր խառանխմբին հուզում է որևէ բան՝ բացի սեփական իշխանությունից, ցանկալի է՝ ոչ մեկի կողմից ու ոչնչով չսահմանափակված։ Հետո՞ ինչ, որ ժողովրդավարության բաստիոն է...

Ասվածի վառ ապացույցն են Դատական օրենսգրքում օրերս կատարված փոփոխությունները, որոնք կհարվածեն դատական համակարգի անկախությանը։ Կհեռացնեն կայացած անկախ դատական համակարգ ունենալու հնարավորությունից, ինչի նշաններն են ցուցաբերում դատարանները հատկապես վերջին շրջանում, ինչը բնավ Փաշինյանի ու իր խառնախմբի սրտով չէ։ Օրենսդրական փոփոխությունները սահմանափակում են միջնորդություններ ու բացարկներ ներկայացնելու փաստաբանների իրավունքը։ Բարձրագույն դատական խորհրդին թույլ են տալիս քաղաքացու բողոքի հիման վրա, ում գործը քննվում է դատարանում, վերցնել գործը մի դատավորից ու հանձնել մեկ ուրիշին։

Այն, որ դատավեճերում միշտ կա դժգոհ կողմ, պարզից էլ պարզ է... Հենց դա է շահարկում իշխանությունը, հենց դրա համար է, որ Փաշինյանի իշխանությունը փոխում է Դատական օրենսգիրքը, որպեսզի հնարավորություն ստանա քաղաքական աստառ ունեցող գործերը ԲԴԽ-ի միջոցով փոխանցել «յուրային» դատավորներին, որոնք կկայացնեն իր համար ցանկալի վճիռներ։ Ինչի համար էլ իշխանությունն այնտեղ «ներդրեց» Գագիկ Ջհանգիրյանին, շրջանցելով բոլոր օրենքները։ Հենց այդ նպատակով էր իշխանության խմբակցությունը երկու շաբաթ առաջ լկտիաբար տեռորի ենթարկում ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Այս շաբաթ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սպասվում է «ԲԴԽ նախագահ Վարդազարյանի հեռացում» անվանումով այլանդակության շարունակությունը։ Մի խոսքով, իշխանությունը, չնայած հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր ձգտման վերաբերյալ հավաստիացումներին, իրականում ակտիվորեն լծվել է լիովին իրեն ենթակա դատական համակարգի ստեղծմանը։ Իր սեփական «բռնաճնշիչ եռյակ-հանձնաժողովներն» ունենալու գայթակղությունը հանգիստ չի տալիս Փաշինյանին ու նրա խառնախմբին։ Ինչը միանգամայն բնորոշ է «ժողովրդավարության բաստիոնի» պարիսպների մեջ չտեղավորվող նրա բռնապետական կերպարին

Այս շաբաթ իշխանության խմբակցությունը վերջնական ընթերցմամբ կընդունի խոսքի ազատությունը սահմանափակող ևս մի շարք փաստաթղթեր: Առայժմ խոսքը փոխհատուցումների ավելացման մասին է, որոնք, նույնիսկ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքերով, անհամեմատ ավելի բարձր են Եվրոպայում ընդունված չափանիշներից, ինչը, Եվրոպական դատարանի պնդմամբ, կարող է վնաս հասցնել խոսքի ազատությանը։ Բայց մի՞թե Եվրոպան իր դատարանով կարող է ոտք ձգել «ժողովրդավարության բաստիոնի» հետ։ Այստեղ՝ «ժողովրդավարության բաստիոնում», օրինագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հոխորտում է, որ «թավիշի» ժամանակներն անցել են։ Փոխհատուցումները զրպարտության և վիրավորանքի դիմաց (իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ այդպիսին կարող են համարել ցանկացած քննադատական պարբերություն) լրատվամիջոցների համար կավելացվեն համապատասխանաբար մինչև 6 մլն և 3 մլն դրամի: Հետագայում իմքայլականները մտադիր են ընդհանրապես քրեականացնել մի հոդված, որը «ոչ ժողովրդավար» նախկինները Քրեական օրենսգրքից հանել են դեռևս 2010-ին։

Մոտ է մի օրինագծի ընդունում, որով իմքայլականներն առաջարկում են արգելել տեղեկատվություն հրապարակել անանուն աղբյուրների վկայակոչումով: Այսինքն իշխանական խմբակցությունը մտադրվել է փակել մամուլի բերանը, իսկ որպես զսպաշապիկ կրկին իսկ առաջարկում է սահմանել 5 մլն դրամ հսկայական տուգանք։

Ծրագրվում է ընդունել ևս մեկ «Ժողովրդավարական» փաստաթուղթ, որը նախատեսում է տուգանքներ և նույնիսկ ազատազրկում։ Այն արդեն անցել է հանրային քննարկում՝ արժանանալով բացասական գնահատականի. ընթերցողների 90%-ը դեմ է արտահայտվել դրան։ Բայց մի՞թե դա հետաքրքրում է «ժողովրդավարության բաստիոնին»։ Խոսքը ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին է, որով առաջարկվում է լրացնել 316-րդ հոդվածը («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և պետական ծառայողներին ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներին վիրավորելու և զրպարտելու համար սահմանել 1-5 մլն դրամ տուգանք: Այն դեպքում, եթե պաշտոնյային պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ վիրավորել կամ զրպարտել են ԶԼՄ-ներում կամ հրապարակային այլ եղանակով, առաջարկվում է պատժել 500 հազարից մինչև 3 մլն դրամ տուգանքով կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Հիմնավորման մեջ հեղինակները (Գլխավոր դատախազությունը) նշում են, թե պետության պարտականությունն է՝ պաշտպանել հանրային ծառայողներին, նրանց լիազորությունների անշեղ կատարումն ապահովելու միջոցով։ Այլ կերպ ասած՝ այս քրեական հոդվածի տակ կարող է ընկնել ցանկացած մարդ, ով իրեն թույլ կտա օբյեկտիվորեն քննադատել պետծառայողի աշխատանքը։ Չէ ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ. այն ամենը, ինչ դուր չի գալիս իշխանության ներկայացուցիչներին, նրանք փորձում է ներկայացնել իբրև զրպարտություն և վիրավորանք։

Թվարկված ամենը լոկ չնչին մասն է այն ամենի, ինչ ձեռնարկում է իշխանությունը, որը միայն անցած շաբաթ հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լավագույն ուղի։ Փաշինյանն ու իր խառնախումբը այնուամենայնիվ շարունակում են իրենց էշն առաջ քշել և անկասկած այսուհետ էլ նույնը կանեն՝ անվերապահորեն ձևավորելով իրենց անհրաժեշտ օրակարգը, որպեսզի կարողանան և, ամենակարևորը, հասցնեն իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը։ Չնայած շիկացած կրքերը մարելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ձգտման մասին հավաստիացումներին…