Գագիկ Սուրենյան․ Հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։
«Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ»,–նշեց նա։
Սուրենյանի խոսքով` մարտի 26–ին ցիկլոնի ազդեցությունը մի փոքր կթուլանա, տեղումները կդադարեն, իսկ 27–ին Սև ծովի շրջաններից ցուրտ ցիկլոնի ներթափանցում կլինի, որի հետևանքով տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Ջերմաստիճանի կտրուկ անկում կլինի`7-10 աստիճանով։
Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։