Վիրավորանքի և զրպարտության մասին օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այն առաջարկել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, տեղեկացնում է Aysor.am:

Հիշեցնենք, որ երեկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախագծում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են եղել, մասնավորապես, թվերը նվազել են՝ վիրավորանքի համար սահմանվել է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակները:

Հիշեցնենք՝ մի շարք լրագրողական կազմակերպություններ ավելի վաղ դեմ էին արտահայտվել այս փոփոխություններին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համոզմունք էր հայտնել, որ փոփոխությունները մահակ են դառնալու լրատվամիջոցների դեմ, իսկ զրպարտանքը շարունակելու է տարածվել անանուն պրոֆիլներից։

«Մարդն ինչքան գումար ունի, դրա համապատասխան կվիրավորի, եթե նման ցանկություն ունի և այդ գումարն ունի ու պատրաստ է դրա համար ծախսել։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ շեմի գումար չունեն, կդադարեն այդ վարքագիծը դրսևորել», - նախագծի քնարկման ժամանակ ասել էր Արթուր Դավթյանը։

Սիմոնյանն էլ, անդրադառնալով տեսակետներին, նշել էր. «Կառավարության ներկայացուցիչը փորձում է այստեղ ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է, որ զրպարտությունը խոսքի ազատություն է: Ես կարծում եմ, որ Հայաստանում վիրավորանքը և զրպարտությունը նույնիսկ պետք է քրեականացնել, իսկ մենք, չգիտեմ, նստել ենք, չգիտեմ, ինչով ենք զբաղված»։