Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով

Տարածաշրջանային կոմունիկացիոն ապաշրջափակման ծրագիրն այս պահին իրականացվում է միայն փորձագիտական մակարդակով: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետի կատարման ընթացքի մասին` պատգամավորի հարցին:

«Գործում է փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ: Մենք մի քանի նիստ ունեցել ենք: Գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, այսինքն՝ տեխնիկական լուծումների, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարականև այլ խնդիրների հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ նախապես ծրագրված էր մինչև մարտի 1-ը հանդես գալ կատարված աշխատանքների մասին միջանկյալ զեկույցով: Բայց քննարկումներն ու աշխատանքները ցույց են տվել, որ հավելյալ փորձագիտական աշխատանքների կարիք կա: Հետևաբար, զեկույցը հետաձգվում է անորոշ ժամանակով, մինչև դրանց ավարտը:

«Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ: Ըստ էության, խոսքը սովետական ժամանակներում գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասաց Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: