Արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագիրը երկարացվեց 3 ամսով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 25-ի նիստում փոփոխություն կատարեց պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագրում՝ եռամսյա ծրագիրը դարձնելով 6 ամսյա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից: Նրա խոսքով, յուրաքանչյուր չափահաս բնակչի հաշվով նրանք ստանում են 45 հազարական դրամի չափով աջակցություն:

«Ամսական կտրվածքով աջակցություն է ստանում մոտավորապես 3 հազար հյուրընկալներ, որոնք հյուրընկլում են 7 հազարից ավելի չափահաս քաղաքացիների: Այս ծրագրում ընդգրկված արցախցիների ընդհանուր թիվը 15 հազար է: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանում: Բացի այս ծրագրից արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հյուրանոցներում: Այդ մասով նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը: Մի մասն էլ պետական հաստատություններում են բնակվում, որոնց ծախսերը նորից պետությունն է հոգում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այս պահին Հայաստանում բնակվում են 25-30 հազար արցախցիներ: «Արցախում հիմա բնակարանների վերակառուցման, վերանորոգման աշխտանքներ են ընթանում, որոնք ավելի ակտիվ թափ կստանան, արդեն փոքր խմբերով հետ են վերադառնում, հիմնականում Արցախի գյուղական բնակավայրեր»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը Հայաստանում և Արցախում այն քաղաքացիների մասին է, որոնք հյուրընկլել են բնակարանից զրկված արցախցիներին, տեղեկացնում է News.am-ը: