Կուսակիցները հարգանքի տուրք են մատուցում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 14-րդ տարելիցն է։ ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Մարգարյանի հարազատներն ու ընկերները վաղ առավոտից այցելում են Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետի հիշատակին, տեղեկացնում է Panorama.am։

Պանթեոնում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կարինե Աճեմյանը և այլք։

Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ -ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։

Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:

1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:

2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետ։

2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: