ՍՏԵՐ ՎԱՃԱՌՈՂԸ

Բոլոր երջանիկ վարչապետները նման են միմյանց, բոլոր դժբախտները դժբախտ են յուրովի: Փաշինյանը դժբախտ վարչապետ է, քանզի վաղուց արդեն հայտնվել է բազմիցս մերկացված ստախոսի և ոչ պոպուլյար պոպուլիստի դժվարին դերում։ Ինչը, թեպետ, չի խանգարում նրան պարբերաբար կազմակերպել ստի ու սեփական հիմարության ճոխ փառատոներ՝ այդ հանդիսությանը հրավիրելով բոլոր ցանկացողներին։

Այդպիսի փառատոներից մեկը նա կազմակերպվեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին, այսինքն հողերի հանձնման խայտառակ փաստաթղթի ստորագրումից մեկ շաբաթ անց, երբ թվում էր, թե վարչապետի պաշտոնում նրա օրերը հաշված են: Այն ժամանակ իր բունկերում թաքնված Փաշինյանը, ժամանակ շահելու համար, որոշեց պատմել «ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին», ներկայացրեց ճանապարհային քարտեզն ու վեց ամիս խնդրեց քաղաքացիներից դրա իրականացման համար։ «Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»,- հայտարարեց նա։

Խոստովանեմ, նույնիսկ ես, իմ պրոֆեսիոնալ լրագրողական ողջ ցինիզմով հանդերձ, գաղտագողի սրբեցի աչքիս արցունքը։ Բայց այդ հիշարժան օրվանից անցել է արդեն մոտ 4,5 ամիս, ցինիզմն այնուամենայնիվ գերակշռեց, և ինձ սկսեց մտահոգել հետևյալ հարցը. իսկ ի՞նչ է արվել այս ընթացքում։ Ոչի՛նչ: Այսինքն բացարձակապե՛ս ոչինչ։ Միայն խումհարի վիճակ։ Ասել Փաշինյանի մասին, որ նա ստախոս է, կնշանակի՝ գրեթե գովել։

Դուք չեք էլ պատկերացնում, թանկագին համաքաղաքացիներ, թե որքան օգտակար կլինի ձեզ համար հիշել Փաշինյանի ճանապարհային քարտեզի բովանդակությունը։ Դե, եղբայր (սա ես նկատի ունեմ, բնականաբար, ոչ թե Նիկոլին, այլ ընթերցողին), եկեք գլուխ հանենք:

Եվ այսպես, առաջին երկու կետերը հետեվյալն էին. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ։ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»։

Զբաղվենք այս գեղեցիկ խոսքերի համեմատումով իրականության հետ։ Վերսկսվե՞լ է արդյոք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Իհարկե՝ ո՛չ։ Եթե անգամ Հայաստանի իշխանություններն այսօր վարում են ինչ-որ բանակցություններ, ապա միայն Ադրբեջանի հետ՝ Սյունիքի միջով միջանցք տրամադրելու հարցով։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե անգամ իր սահմանամերձ տարածքները Հայաստանը զիջում է առանց բանակցությունների։ Ավելի ճիշտ՝ բանակցություններն ընթանում են ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև։ Արցախի այդ ի՞նչ կարգավիճակի մասին է ծլվլում Նիկոլը։ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարց պարզապես գոյություն չունի, իսկ Փաշինյանն ի պատասխան ոչ մի անգամ չի համարձակվել անգամ ծպտուն հանել։

Իսկ մի՞թե արցախցիները վերադարձել են իրենց օջախներ։ Նախ՝ օջախներն այդ, ինչպես, օրինակ, Շուշիում ու Հադրութում, թշնամու ձեռքում են։ Երկրորդ, այսօր Հայաստանում անմարդկային պայմաններում շարունակում են ծվարած մնալ շուրջ 30 հազար փախստականներ Արցախից։

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների ժամանակ ավերված տներն ու բնակարանները ամբողջությամբ վերականգնելու խոստմանը, ապա ես կանվանեի դա Մյունհաուզենի սինդրոմ։ Նախ՝ Փաշինյանի կառավարությունը դրա համար մեկ դրամ անգամ չի հատկացնում։ Արցախում շինարարությունն իրականացվում է միայն ռուսական կողմի կամ մասնավոր բարերարների ուժերով։ Այլ հարց է, որ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը փորձում են իրենց վերագրել դա։ Երկրորդ, լիովին վերականգնել ավերված տները, բնակարաններն ու ենթակառուցվածքները վեց ամսվա ընթացքում պարզապես անհնար է։ Հնարավոր չէ նույնիսկ վեց տարում։ Դրա համար տասնամյակներ կպահանջվեն։

Խելագարը բնավ նա չէ, ով ասում է, թե ինքը Նապոլեոնն է, խելագարը նրանք են, ովքեր լուրջ են վերաբերում նրա հայտարարությանը։ Խելագար են բնավ ոչ նրանք, ովքեր հրաշքներ են խոստանում, այլ նրանք, ովքեր հավատում են մերկախոս խոստումներին: Ինչպես ասում էր Սերգեյ Դովլաթովը իր ծանոթներից մեկի մասին. «Նա խմում է ամեն օր, իսկ բացի այդ՝ նրա մոտ լինում են հարբեցողության օրեր»։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն իր խոստումները շռայլել է թունդ հարբեցողության օրերին։

Ճանապարհային քարտեզի հաջորդ կետերը վերաբերում են զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում վճարելուն և նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, թշնամու գերության մեջ հայտնված զինծառայողների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձին, անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն:

44-օրյա պատերազմի ժամանակ զոհվեցին մեր ավելի քան հինգ հազար հերոսներ, իսկ փոխհատուցում ստացել է ընդամենը 1400 ընտանիք։ Ներկայումս գերության մեջ են մեր մոտ 200 հայրենակիցներ, և Փաշինյանն ի վիճակի չէ վերադարձնել նրանց՝ ստորաբար պատճառաբանելով իր անզորությունը ընդդիմության ակցիաներով և բողոքի շարժման ակտիվիստների դեմ հանելով ռազմագերիների հարազատներին: Սարտրը մի այդպիսի վեպ ունի. «Սրտխառնոց»։ Դրա հերոսի սիրտը մշտապես խառնում է։ Ինչպեսև մերը, երբ հետևում ենք իշխանությունների գործողություններին։

Փաշինյանի ճանապարհային քարտեզը բովանդակում է նաև կետ «բանակի բարեփոխման» մասին։ Գլխավոր շտաբի երեք պետ ունենալը բանակի բարեփոխո՞ւմն է։ Տաղանդավոր կատակերգակները զվարճացնում են քաղաքացիներին, իսկ իշխանական քաղաքական խեղկատակության վրա քաղաքացիները ծիծաղում են։ Զգացեք տարբերությունը։

Ի՞նչ «բանակի բարեփոխման» մասին է խոսքը, եթե, ըստ որոշ տեղեկությունների, ներկայումս իշխանական կառույցներում ակտիվ քննարկումներ են ընթանում զինված ուժերի ֆինանսավորումը մի քանի տասնյակ միլիարդ դրամի չափով կրճատելու շուրջ։ Վերջին շրջանում արդեն երկու այդօրինակ քննարկում է տեղի ունեցել փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի և Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ։

Ճանապարհային քարտեզի հերթական կետն ասում է. «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում»։ Եթե ձեզ համար դժվար չէ, համաքաղաքացիներ, աչքի անցկացրեք ցանկացած տեղեկատվական կայք կամ միացրեք հեռուստացույցը։ Քանի՞սն են այսօր մեզանում կորոնավիրուսով վարակվածները: Ութ հարյո՞ւր։ Հազա՞ր։ Իսկ մահե՞րը։ Քսա՞ն։ Քսանհի՞նգ։ Այդպե՞ս է Փաշինյանը խեղդում կորոնավիրուսի համավարակը։

Բայց անցնենք հաջորդ կետին, որտեղ խոսվում է տնտեսական ակտիվության վերականգնման մասին։ Ես, իհարկե, ամենևին ուժեղ չեմ տնտեսության հարցում. մոտավորապես՝ կառավարության մակարդակի։ Բայց գիտեմ, որ հունվարին, այսինքն ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո արդյունաբերության անկումը կազմել է 11 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտինը՝ 10 տոկոս։ Ներքին առևտուրը կրճատվել է ամբողջ 15 տոկոսով։ Դա նշանակում է, որ քաղաքացիների եկամուտները կտրուկ նվազել են, և նրանք ի վիճակի չեն գնալ խանութներ։ Վերջին 3-4 ամիսներին դրամը արժեզրկվել է 10 տոկոսով։ Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, գնաճը կազմել է 5,3 տոկոս, իսկ սննդամթերքը թանկացել է 8,1 տոկոսով։ Ի՞նչ տնտեսական ակտիվության վերականգնման մասին ենք խոսում։ Հիշո՞ւմ եք անեկդոտը:

- Բժիշկ, ինձ մտահոգում է հայրենի տնտեսության վիճակը։

- Ի՜նչ եք ասում, աղավնյակս, չկա՛ ոչ մի հայրենի տնտեսություն։ Այդ ամենը հորինվածք է, ձեր երևակայության արգասիք։ Դուք, հավանաբար, սիրո՞ւմ եք օղի կոնծել...

ԾԻԾԱՂԵԼԻ Է։ ԲԱՅՑ ԿԱՆ ԱՎԵԼԻ ԾԻԾԱՂԵԼԻ ԲԱՆԵՐ։ ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ անել Փաշինյանն իր ճանապարհային քարտեզում։ Այո, լուծել ժողովրդագրական խնդիրնե՛րը։ Դրա համար էլ, հենց որ մասնակիորեն վերսկսվեցին ավիաչվերթները, մարդիկ առանց երկմտելու սկսեցին հազարական դոլար վճարել տոմսի համար, միայն թե լքեն երկիրը։ Վերջին շրջանում Հայաստանից մեկնել է մոտ 58 հազար քաղաքացի, որոնց մեծամասնությունն այդպես էլ չի վերադարձել, իսկ Նիկոլն իր ինչ-որ գաղտնի տեսողությամբ նշմարում է «Զվարթնոց» ժամանող լեփ-լեցուն օդանավեր։ Նա սրընթաց կորցնում է տեսողությունը։ Արդեն գրեթե չի տեսնում, թե ինչ է կատարվում շուրջը։ Սակայն որքան ավելի է զարգանում նրա ֆիզիկական կուրությունը, այնքան բարդանում է ներքին, գաղտնի տեսողությունը։

Ուրիշ շատ բաներ էլ կան Նիկոլի ճանապարհային քարտեզում։ Օրինակ, 13-րդ կետը՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին։ Ախր դա, եթե մտամուխ լինենք, շատ զվարճալի է։ Հակակոռուպցիոն դատարան «նոր Հայաստանում»... Իսկը հակահրդեհային ծառայություն՝ Սուրբ ինկվիզիցիային առընթեր: Այո, չի կարողանում այս մարդը բարդ գործեր անել, որոնք պահանջում են ուղեղի ծալքերի իրական շարժ: Բայց այնուամենայնիվ պետք է պահպանել պարկեշտության կանոնները։ Ինչո՞ւ լրիվ մերկանալ: Թեև, մյուս կողմից, «հակակոռուպցիոն» բառն ինքնին համախմբում է Նիկոլի աղանդավորներին, ինչպես կպչուն ժապավենը՝ ճանճերին։

Թեպետ, կներեք, տարվեցի։ Ախր ստեր վաճառողի հերթական գլուխգործոցի վերլուծության վերջում ուզում էի մի ինչ-որ շատ թեթև, մաղթանքի պես բան ասել։ Չափազանց պարզ ինչ-որ բան։ Ախ, հա՜... Հիշեցի։ Բոլորս դեպի ընտրություննե՛ր։

Основная тема: