Քոչարյանը 537 օր ապօրինի զրկված է եղել ազատությունից
Այս հակասահմանադրական գործի պատճառով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից։ Նման կերպ է արձագանքել Քոչարյանի գրասենյակը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Սահմանադրական դատարանը սահմանեց, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
«Այս հոդվածը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր»,–նշված է Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։