ԱԼԻԵՎՆ ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԿԴԱՌՆԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մարտի 23-ին Ազգային ժողովի ամբիոնից հնչեց մի ելույթ, որն իր էությամբ սենսացիոն էր և, անկասկած, շոկ ու ակտիվ հետաքրքրություն կառաջացներ այն երկրում, որտեղ ազգային անվտանգությունը կարևորագույն առաջնահերթությունն է: Ավելին, պատգամավորի հնչեցրած տեղեկություններն անմիջապես կդառնային ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև առաջին հերթին ԱԱԾ-ի և ԱԽ-ի ուսումնասիրության առարկա։ Բայց քանի որ փաշինյանական Հայաստանում, ինչպես հայտնի է, գերիշխում են բոլորովին այլ առաջնահերթություններ, իսկ խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվում է այլ շահերով, ապա ելույթն էլ չնչին իսկ հետաքրքրություն չառաջացրեց ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ համապատասխան պետական կառույցների մոտ։

Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ներկայացրեց տվյալներ, որոնք անմիջական կապ ունեն միանգամից մի քանի կարևոր հարցերի հետ: Նախ, դրանք վերաբերում են Ադրբեջանի և Թուրքիայի այլևս անթաքույց միջամտությանը Հայաստանի ներքին գործերին, երկրորդ՝ հայկական և ադրբեջանական իշխանությունների միջև փոխհարաբերություններին, երրորդ՝ Համաշխարհային բանկի անհասկանալի գործողություններին, որի կայքից հանկարծ, ինչպես պարզվում է, անհետանում են Հայաստանին վերաբերող տվյալները: Վերջապես, չորրորդ՝ հնչեցված տվյալները միանգամայն կարող են ամենաանմիջական կապ ունենալ Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրությունների հետ։

Եվ այսպես, ինչի՞ մասին պատմեց Արմեն Եղիազարյանը ամբիոնից։ Նրա խոսքերով, դեռևս տարեսկզբին համացանցում հայտնվել էին Համաշխարհային բանկի տվյալներն այն մասին, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար: «Տարօրինակ կերպով այդ լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ես այդ առիթով կատարեցի որոշակի ուսումնասիրություն։ Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունը իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էր»,- ասաց պատգամավորը։ Տվյալները ներկայացվել են Համաշխարհային բանկի զեկույցում, որը հրապարակվել է 2019 թվականի հոկտեմբերին։

Եղիազարյանը ներկայացրեց նաև 2017 թվականի տվյալները, երբ համաձայն նույն կազմակերպության հաշվետվության՝ Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար, այսինքն 2018 թվականին գումարը նախորդից 30 անգամ ավելի մեծ է եղել։ Ինչն, իհարկե, չի չեղարկում այն հարցը, թե ինչի համար են ընդհանրապես Բաքվից միլիոնավոր դոլարներ փոխանցվել Հայաստան։

Այնուհետ պատգամավորը ներկայացրեց Համաշխարհային բանկի և Հայաստանի Կենտրոնական բանկի, մեղմ ասած՝ տարօրինակ պատասխաններն իր հարցումներին։ Այսպես, ԿԲ-ն հայտարարել է, թե նշված տեղեկությունները հիմնված են ոչ թե կոնկրետ տվյալների, այլ ՀԲ փորձագետների ենթադրությունների վրա, որոնց հիմքում, իբր, միգրանտների թվի և նրանց եկամուտների վերաբերյալ հաշվարկներն են։ ՀԲ-ի տվյալների համաձայն, Հայաստանում կա 87 հազար միգրանտ Ադրբեջանից, իսկ հարևան երկրում՝ 146 հազար միգրանտ Հայաստանից: Համաշխարհային բանկի պատասխանն էլ նույնքան անհամարժեք էր իրավիճակին, այսինքն՝ անհեթեթ. երկկողմանի ֆինանսական հոսքերը հաշվարկվում են միգրանտների տեղաշարժի տվյալների հիման վրա։

Միայն թե չհարցնեք, թե այդ ինչ միգրանտների ու նրանց եկամուտների մասին կարող է լինել խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում։ Այս համատեքստում ուշագրավ է ևս մեկ փաստ. Արմեն Եղիազարյանի խոսքերով՝ իր հարցումից կարճ ժամանակ անց, այն է՝ փետրվարի 24-ին, Համաշխարհային բանկի պաշտոնական կայքից անհետացել են տվյալները Ադրբեջանից Հայաստան կատարված ֆինանսական փոխանցումների մասին, այսինքն՝ հեռացվել։ Ենթադրելով, որ ներկայացված տեղեկատվությունը կհետաքրքրի Ազգային անվտանգության ծառայությանը, պատգամավորը պատրաստակամություն հայտնեց տրամադրել իր պահպանած բոլոր սքրինշոթներն ու հավաքած տեղեկությունները:

Կրկնում եմ, պատգամավորի սենսացիոն ելույթն այն մասին, որ թշնամական երկրից միլիոնավոր դոլարներ են փոխանցվում Հայաստան, բացարձակապես ոչ մի արձագանքի չարժանացավ Ազգային ժողովի անդամների կողմից։ Հայտնի չէ նաև, թե արդյոք ԱԱԾ-ում հետաքրքրվել են Եղիազարյանի ներկայացրած տեղեկություններով։ Բայց մենք մեծապես կասկածում ենք դրանում։ Որովհետև 2018-ը «թավշե հեղափոխության» և ընտրությունների անցկացման տարին էր. սեպտեմբերին՝ Երևանի քաղաքապետի, դեկտեմբերին՝ արտահերթ խորհրդարանական։ Այդ բոլոր իրադարձությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ և ձևավորեց իր կառավարությունը։ Թե ինչ եղավ հետո՝ գերազանց հայտնի է բոլորին։

ԱՅԺՄ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՍՏԸ։ Նույն 2018 թվականի հուլիսի 9-ին Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիևն աննախադեպ խոստովանություն արեց։ Նա առաջին անգամ վկայեց, որ Փաշինյանի «հեղափոխության» ընթացքում Բաքուն ու Անկարան ազդել են Հայաստանի ներքին գործընթացների վրա։ Ըստ երևույթին, անկարող լինելով զսպել ինքնագոհությունն ու գլուխ գովելու անզուսպ ցանկությունը՝ Ալիևը բերանից թռցրեց այն, ինչը միջազգային պրակտիկայում սովորաբար ընդունված չէ բարձրաձայնել։

«Մենք ունենք մեր դերը՝ Հայաստանի քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի քրեական վարչակարգին վտարելու գործում։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն»,- հայտարարեց Ալիևը՝ բաց տեքստով ընդունելով Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանում իրականացված իշխանափոխությանն ու հետագա գործընթացներին։

«Ամփոփելով՝ փաստում եմ, որ այդպես էլ չներկայացվեց, թե ինչի արդյունքում է 2018 թվականին գրանցվել Ադրբեջանից Հայաստան դրամական փոխանցումների ցուցանիշի նման ահռելի աճը. մոտ 30 անգամ»,- մարտի 23-ին հայտարարեց պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Առաջարկում ենք նրան դրամական հոսքի այդչափ ահռելի աճի բացատրությունը փնտրել Իլհամ Ալիևի խոստովանության մեջ։ Հնարավո՞ր է արդյոք, որ այդ 211 միլիոն դոլարը ծախսվել է «հեղափոխության» ֆինանսավորման, ընտրությունների և ընդհանրապես Փաշինյանի իշխանության գալու վրա։ 3 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո պատասխանը միանշանակ դրական է։

Թե ինչու այդ փոխանցումներով չհետաքրքրվեց ԱԱԾ-ն, նույնպես բավական հետաքրքիր հարց է։ Թեև հենց այդ կառույցը պիտի առաջինը բացահայտած լիներ պատգամավորի ներկայացրած տվյալները և հետաքննություն անցկացներ՝ պարզելու նպատակով, թե ում է փոխանցվել և ինչի վրա է ծախսվել 211 մլն դոլարը։ Ինչո՞ւ դա չի արվել։ Այս հարցի պատասխանը տալիս է Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում ԱԱԾ-ի ծավալած գործունեությունն ու դերը:

Արցախյան պատերազմից հետո անցած չորսուկես ամսվա ընթացքում Թուրքիան երկու անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնք դժվար է բնորոշել որևէ այլ կերպ, քան լպիրշ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո. Թուրքիան դարձավ միակ երկիրը, որը պաշտպանեց Փաշինյանի կողմից այդ հայտարարությանը տրված գնահատականը՝ որպես «ռազմական հեղաշրջում»։ Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ, երբ թուրքերը ջերմեռանդորեն հավանություն տվեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլի որոշմանը։

Թշնամական պետության կոպիտ միջամտության այդ դեպքերից ոչ մեկին չհաջորդեց պաշտոնական Երևանի պատասխանը, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը ճանաչում է Հայաստանի ներքին գործընթացների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու և գնահատականներ տալու Անկարայի իրավունքը։ Եթե գումարենք այս ամենը բազմաթիվ այլ, հանրահայտ փաստերին, ապա միանգամայն հիմնավորված կասկած է առաջանում, որ թուրքերը մտադիր են միջամտել Հայաստանում 2021 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների գործընթացին (եթե իհարկե դրանք տեղի ունենան) ճիշտ այնպես, ինչպես, ամենայն հավանականությամբ, միջամտել են 2018 թվականին՝ «հեղափոխության» և ապա «Իմ քայլի» նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմամբ։

Եթե դա այդպես չէ, ապա ԿԲ-ն և ընդհանրապես կառավարությունը պարտավոր են պարզաբանել, թե ինչի համար են Բաքվից հարյուր միլիոնավոր դոլարներ փոխանցել Երևան և ինչի վրա են այդ գումարները ծախսվել։ Իսկ ԱԱԾ-ն պարտավոր է հետաքննել այդ աղաղակող փաստը։ Ընդ որում հետաքննությունը պետք է վերաբերի և՛ 2017, և՛ 2018 թվականներին։

Հետաքրքիր կլիներ նաև լսել Համաշխարհային բանկի պարզաբանումներն այն առնչությամբ, թե ինչու են այդ տվյալներն անհետացել կազմակերպության հաշվետվությունից՝ այն բանից հետո, երբ պատգամավորը հետաքրքրություն է ցուցաբերել դրանց նկատմամբ: Թե՞ սույն հարգարժան կառույցը նույնպես պատկանում է հակահայկական մեծ դավադրության իրականացնողների թվին, ինչը, դատելով ամենից, այնուամենայնիվ գոյություն ունի, չնայած կոնսպիրոլոգիայի հանդեպ մեր ողջ թերահավատությանը։

Ավաղ, պարզաբանումներ ու պատասխաններ դժվար թե տրվեն. ամեն ինչ չափազանց ակնհայտ է։ Փաշինյանի իշխանությունը այնքան ձեռնտու և անհրաժեշտ է Թուրքիային ու իր կրտսեր եղբորը, որ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի պահեն իրենց դրածոյին Հայաստանի ղեկին, թեկուզ նույնիսկ ֆինանսական ահռելի ներարկումների և ազդեցության այլ միջոցների գնով։ Մանավանդ որ այս իշխանությունն այսօր թուրքերին տալիս է բոլոր հնարավորությունները՝ ազդելու հայերի մտայնությունների ու տրամադրությունների վրա և ինտենսիվ քարոզչական աշխատանք տանելու Փաշինյանի զինակիցների ու հետևորդների ջանքերով։

Ընտրությունները, որոնք մեծագույն հավանականությամբ կարող են կանխորոշել Հայաստանի, Արցախի և համայն հայության մոտ ապագան, այն խաղադրույքն է, որի համար Անկարան չի խնայի ո՛չ միջոցներ, ո՛չ ջանքեր։ Որքան շուտ դա գիտակցեն ողջամիտ քաղաքական ուժերն ու հասարակությունը Հայաստանում և Սփյուռքում, այնքան դժվար կլինի թուրքերի համար ավարտին հասցնել իրենց ծրագրերը։ Մանավանդ որ Բաքուն ու Անկարան առանձնապես չեն էլ թաքցնում, որ Փաշինյանի թիմի միջոցով այսօր էլ ՀՀ-ում բազմաթիվ հարցեր փաստացի լուծում են իրենց օգտին։ Եվ ակնհայտորեն հույս ունեն վերջնականապես ամրապնդել է իր դիրքերն ու լուծել արդեն բոլոր հարցերը. ընտրություններից հետո։