ArmLur.am․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԱԾ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ Է «ԱՃԵՑՆՈ՞ՒՄ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 26-ի որոշմամբ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

ArmLur.am–ը գրում է, որ Սիմոնյանի նշանակումը պատահական չէ: Ըստ կայքի՝ մի քանի օր անց նա նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո՝ ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:

Բանն այն է, որ Սիմոնյանը, ինչպես ժամանակին Քարամյանը, առանց դասային կոչման չի կարող նշանակվել ԱԱԾ ղեկավար պաշտոնում:

Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 61-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Նշենք, որ ԱԱԾ ղեկավարն այժմ Արմեն Աբազյանն է, որն այդ պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերին։

Sputnik Armenia