Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՆՄԱՆ ՈՂԲ, ՆՄԱՆ ՑԱՍՈՒՄ, ՆՄԱՆ ՍՐՏԱԿԵՂԵՔ ՀԵԾԵԾԱՆՔ ՄԵՆՔ ՉՏԵՍԱՆՔ, ԵՐԲ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՇՈՒՇԻՆ
Նման ողբ, նման ցասում, նման սրտակեղեք հեծեծանք մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին ու երբ Եռաբլուրը պայթեց մայրերի ողբից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՍԴ երեկ ընդունած որոշման արձագանքներին:
«Եվ մի պիցցայակեր ՍԴ
Հետևում եմ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հանած ցունամիին։
Իշխանության համասեփականատեր սորոսականությունը մեկ րոպեում 10 ստատուս արդյունավետությամբ ՍԴ-ին ծեփում է ասֆալտին։
Ի վերջո, մարդիկ Հրայրի դեմ խաչակրաց արշավանքի ելան, Հրայրի գրիչը դարձրեցին Google-ով ամենափնտրվող իրը, իրենց սրտով ձևեցին ՍԴ-ն ու հանկարծ ՍԴ դատավորները համարձակվում են ենթարկվել օրենքին ու ոչ թե մի ինչ-որ կուտոկի։
Նման ողբ, նման ցասում, նման սրտակեղեք հեծեծանք մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին ու երբ Եռաբլուրը պայթեց մայրերի ողբից։
Չեմ բացառում, որ առաջիկա ժամերին լինեն ինքնահրկիզումներ և Հանրապետության հրապարակում վառած խարույկի մեջ այրեն ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ որպես 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության վավերագիր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր: