Դատախազությունը բողոքարկել է Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բողոքարկել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա նաև շեշտում է, որ դատախազության բողոքը որքան սպասելի էր Արա Սաղաթելյանի փաստաբանական թիմի համար, այնքան էլ անհասկանալի՝ իրավունքի և օրենքի տեսանկյունից։

«Անհասկանալի էր, քանի որ վերաքննիչ քրեական դատարանի հիմնավոր և պատճառաբանվածության բարձր աստիճան ունեցող դատական ակտը բավարար էր բացահայտելու սույն քրեական գործով ԱԱԾ քննչական վարչության իրականացված անհեթեթ և VPN-ի ու IP-ի վերաբերյալ տարրական պատկերացում չունեցող գործի քննությունը։ Սակայն սպասելի էր, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում որևէ հնչեղ քրեական գործով անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ամեն գնով կալանավորելու՝ քննչական մարմինների և դատախազության ձգտումները որևէ կերպ պայմանավորված չեն օրենքով կամ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ բացառապես իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի՝ այդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքով»,- գրում է Պողոսյանը։

Փաստաբանը նաև դատախազության քայլը պայմանավորում է Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ քննադատությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia: