Միջազգային կառույցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Նամակը, ըստ Թաթոյանի, վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններին՝ կապված ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորման կարգի փոփոխության հետ:

Բարբարա Բերնաթը Արարատ Միրզոյանին հորդորում է պահպանել պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը:

«Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում»,- հայտնում է Թաթոյանը:

Բաց նամակում նաև անդրադարձ է արվել այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման։ Նա առաջարկել է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ տեղեկացնում է Sputnik Armenia։