Սեյրան Օհանյան․ Թուրքերն իրենց նպատակն ունեն` «Մեծ Թուրանի» գաղափարն իրագործել
Իշխանությունները չեն հասկանում, որ ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ–ի և Արցախի։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։
Նշենք, որ մեծ աղմուկ է բարձրացրել Գևորգյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արված այն հայտարարությունը, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։
«Իրենց թվում է` թուրքերին շողոքորթելով թուրքերն ընդառա՞ջ են գնալու Հայաստանին։ Թուրքերն իրենց նպատակն ունեն` «Մեծ Թուրանի» գաղափարն իրագործել»,–ասաց Օհանյանը։
Նա հավելեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի լավ է` իր պարտականությունները կատարի երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Օհանյանը հիշեցրեց, որ ԱԽՔ–ի պարտականություններն են` անվտանգային համակարգի համապատասխան պայմաններ ստեղծել մինչև պատերազմն ու պատերազմի ժամանակ։
Բացի այդ, նրա խոսքով, ԱԽ–ն այն կառույցն է, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ եզրակացություններ է կազմվում և ճիշտ որոշումներ ընդունվում` պատերազմը շարունակել կամ կանգնեցնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։