Տիրան Խաչատրյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել
Վարչական դատարանի կողմից այսօր՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցն (սա ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ պաշտպանության նախարարի և ԶՈւ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական թիմը։
Նշվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: