Պուտինը, Մերկելը և Մակրոնը հարցերի լայն շրջանակ են քննարկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների ընթացքում մի շարք հարցեր է քննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացնում է News.am-ը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու գործին: «Այս համատեքստում ղեկավարները կենտրոնացրել են հիվանդության հետագա տարածումը կանխելու միջոցառումների վրա: Նրանք անդրադարձել են, մասնավորապես, Եվրամիությունում «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հեռանկարներին, ինչպես նաև ԵՄ երկրներում այս դեղամիջոցի հնարավոր մատակարարումներին և համատեղ արտադրությանը:
Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակման ընթացքում հաստատվել է, որ Մինսկի 2015-ի «Միջոցառումների փաթեթը» այլընտրանք չունի՝ որպես այս երկրում ներքին հակամարտության կարգավորման հիմք: Ռուսաստանի նախագահն ընդգծել է Կիևի իշխանությունների կողմից առաջին հերթին Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու և Դոնբասի հատուկ կարգավիճակի իրավական ասպեկտները կարգավորելու վերաբերյալ նախկինում ամենաբարձր մակարդակով ստանձնած բոլոր պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի կողմից շփման գծում հրահրված զինված առճակատման համար: Ղեկավարների քաղաքական խորհրդականները կշարունակեն աշխատել միասին:
Բելառուսում իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինը նշել է ինքնիշխան պետության ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիությունը:
Քննարկվել են Լիբիայում կարգավորման խնդիրները: Գոհունակությամբ նշվել է, որ հակառակորդ կողմերը հավատարիմ են ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին: Հույս է հայտնվել, որ երկրում միասնական անցումային իշխանությունների ձևավորումը կարևոր քայլ կլինի արդյունավետ քաղաքական գործընթաց խթանելու ուղղությամբ` լիբիական բոլոր հիմնական ուժերի մասնակցությամբ:
Նշվել է, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է կայունանալ, և որ սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերն այժմ շատ սուր են դրված:
Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հստակ կողմնորոշում են դրսևորել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման և իրականացման և այդ ուղղությամբ քայլերի հետագա համակարգման օգտին:
Քննարկվել է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններում առկա իրավիճակը: Ռուսական կողմը վերահաստատել է ԵՄ-ի հետ բնական ապաքաղաքականացված փոխգործակցությունը վերականգնելու պատրաստակամությունը, եթե դրանում ցուցաբերվի փոխադարձ հետաքրքրություն:
Գործընկերների կողմից Ա. Նավալնու վերաբերյալ բարձրացված հարցի կապակցությամբ տրվել են համապատասխան բացատրություններ:
Ընդհանուր առմամբ, բանակցություններն անցել են գործարար և անկեղծ մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը ամբողջ արդիական օրակարգի շուրջ»: