«ՔԱՐԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱ ՉԵ՞Ն ՆԿԱՏՈՒՄ

Մարտի 29-ի գիշերը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարկոծել են մեքենան, որով տեղափոխում էին զոհված զինծառայողների մարմինները: Վարորդը կանգ չի առել և իր վշտալի բեռը հասցրել է Հայաստան, թեև մեքենայի ապակիները կոտրվել են։ Այս միջադեպը ջրի երկու կաթիլի պես նման է բառացիորեն 2 օր առաջ Ասկերանի շրջանում տեղի ունեցածին։ Եվ 2021 թվականին կոտրած ապակիների լուսանկարն էլ ջրի երկու կաթիլի պես նման է 32-33 տարվա վաղեմության նկարին, երբ ադրբեջանցիները ճանապարհներին ճիշտ նույն կերպ քարեր էին նետում հայերի մեքենաների ու ավտոբուսների վրա... Այն ժամանակ բարբարոսության այդ տեսակն անվանեցին «քարե պատերազմ»։

Միջադեպի մասին հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը իր ֆեյսբուքյան էջում: Հայաստանի և Արցախի իշխանություններից որևէ պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չստացվեց։ Հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 29-ին սովորականի պես հաղորդեց, թե «մարտի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ»: Ընդգծեմ, որ սա բնավ առաջին դեպքը չէ, երբ Պաշտպանության նախարարությունը համառորեն չի նկատում GPS-ի միջոցով գծանշված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը։

Հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, հայտնելւվ, որ միջադեպը տեղի է ունեցել Շուշիի շրջակայքում, թանձր մառախուղ է եղել և վարորդը չի կարողացել տեսնել հարձակվողին: Նա փաստեց, որ վերջին օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանցիները կոպտորեն խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները՝ դրանով իսկ վտանգելով ՀՀ և Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ու վնաս պետճառելով գույքին:

В ночь на 29 марта азербайджанцы закидали камнями автомобиль, которым перевозили тела погибших по дороге Степанакерт-Горис

Իսկ այժմ ուշադրություն դարձնենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության մարտի 25-ի հաղորդագրությանը, որում խոսվում է Հայաստան-ԵՄ երկխոսության առցանց նիստի մասին՝ Մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ: Հայկական կողմը գործընկերներին ի թիվս ամենի տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց և խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն: Հիշեցնեմ, որ մարտի 29-ին հարձակման ենթարկված մեքենան տեղափոխում էր զոհվածների մարմինները, այսինքն դա մարդասիրական բնույթի առաքելություն էր։

ԱԳՆ-ից ստացված տեղեկատվությունը տալիս է բոլոր հիմքերը՝ արձանագրելու, որ սա բնավ առաջին միջադեպը չէ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին, որի մասն էլ հենց Լաչինի միջանցքն է։ Սակայն այդ միջադեպերի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել։ Եվ եթե չլիներ տվյալ հաղորդագրությունը, ապա հասարակայնությունն այդպես էլ անտեղյակ կմնար այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նաև այդ կետը։ Եթե դրան գումարենք գերիներին ու պատանդներին վերադարձնելու մերժումը, ապա ստացվում է, որ ի պատասխան Հայաստանի կողմից պարտավորությունների «սուպերբարեխիղճ» կատարմանը, ինչպես արտահայտվեց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, հայկական կողմը Բաքվից ստանում է միայն ցուցադրական լկտի պահվածք և ուրիշ ոչինչ։

Դրանից մի քանի օր առաջ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Ասկերանի շրջանով անցնող մեկ այլ խնդրահարույց ավտոճանապարհին, Կարմիր Շուկա գյուղի մոտ: Այնտեղ տիրող լարված իրավիճակի և դրա պատճառների մասին մենք գրել ենք բազմիցս։ Մարտի 25-ին Կարմիր շուկա տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները օրը ցերեկով քարկոծել են հայկական համարանիշներով ավտոմեքենաները: Խուլիգանները եղել են ռազմական բեռ փոխադրող և ռուս խաղաղապահների կողմից ուղեկցվող շարասյան կազմում։

Արդյունքում մեքենաներից մեկի ապակիները կոտրվել են, իսկ տեղի բնակիչների կողմից ճանապարհի արգելափակումից հետո խաղաղապահների և ադրբեջանցիների հրամանատարները ներողություն են խնդրել: Արցախի ոստիկանությունը հաղորդեց, թե իբր՝ ադրբեջանցի սպան լուսանկարել է մեքենան և խոստացել ամեն ինչի մասին զեկուցել վերադաս ատյաններին: Հիմա հուզմունքից լաց կլինենք՝ այն մտքից, թե ուր որ է Բաքվից հաղորդագրություն կստացվի մեղավորին խստորեն պատժելու մասին... Մեքենայի լուսանկարները, ասվում էր տեղեկատվության մեջ, ինչպես նաև բացատրությունը փոխանցվել են գեներալ Մուրադովին։ «Խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը», - նշվում էր հաղորդագրության մեջ:

Արձագանքեց նաև Արցախի նախագահի աշխատակազմը, բայց մի տեսակ չափից ավելի մեղմ։ Հարությունյանի մամլո քարտուղարը հայտարարեց, որ նման դեպքերն ուղղված են Արցախի Հանրապետության իրավակարգի դեմ և հակասում են եռակողմ հայտարարությանը: «Եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում ենք դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես տեսնում ենք, երեք օր էլ չէր անցել, երբ կրկնվեց։ Եվ եթե առաջին դեպքում Արցախի իշխանություններն արձագանքեցին, ապա այս անգամ խուլ լռություն է տիրում ինչպես Ստեփանակերտում (բացառությամբ օմբուդսմենի), այնպես էլ Երևանում։ Մինչդեռ երկու դեպքում էլ խոսքը հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների մասին է։

Դրանցից մեկը այսօր միակն է, որ կապում է Արցախը Հայաստանի հետ, մյուսը՝ միակը, որ կապում է Մարտունու շրջանը մնացյած Արցախի հետ։ Բացի այդ, ադրբեջանցիներն այդ ճանապարհով հասնում են Շուշի և բեռներ փոխադրում, այդ թվում ՝ ռազմական նշանակության։ Ինչպես նշում է Տիգրան Աբրահամյանը, որևէ համաձայնագրով դա նախատեսված չէ, և Արցախը լիակատար իրավունք ունի թույլ չտալ ադրբեջանցիների տեղաշարժն այդ ճանապարհով։ Բայց Արցախի իշխանությունները ոչ միայն թույլ են տալիս, այլև չեն կասեցնում տեղաշարժը սադրանքից հետո, որը քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգ է պարունակում։

Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանին, ապա այստեղ վաղուց արդեն չեն արձագանքում Ադրբեջանի կողմից ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության, այնպես էլ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին։ Նիկոլ Փաշինյանն առանց վարանելու ստորագրեց Արցախի գրեթե 75%-ի հանձնման փաստաթուղթը, չունենալով դրա չնչին իսկ իրավունք, իսկ հետո լվաց ձեռքերը և Արցախի մասին հիշում է միայն ու բացառապես սեփական նպատակներով, օրինակ՝ նախընտրական քարոզարշավի։ Սակայն պաշտոնական Բաքվի հասցեին կշտամբանքի կամ մեղադրանքի մի բառ անգամ նա չի արտասանում, թեև Ալիևը լկտիաբար խախտում է նույն այդ համաձայնագիրը, որի տակ դրված է Փաշինյանի ստորագրությունը։

Պատճառը, իհարկե, հասկանալի է։ Թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում հանդուրժելու են Ալիևի բոլոր այլանդակությունները, քանի դեռ հայկական մայրաքաղաքներում իշխանության ղեկին են դավաճան ուժեր։ Ոչ մի կասկած չկա, որ Բաքուն շարունակելու է նման քաղաքականությունը, և անցած դարի 80-ականների վերջի «քարե պատերազմը» վերսկսվելու է։ Ալիևը կաշվից դուրս գալով պետք է ապացուցի, թե հայերի վերահսկողության տակ մնացած տարածքը նույնպես պատկանում է Ադրբեջանին, ուստի այն ճանապարհը, որով իրենք դեռևս տեղափոխվում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, մշտապես ենթարկվելու է տարբեր սադրանքների։

Առայժմ Բաքվի բռնապետը ձգտում է հասնել ավտոճանապարհի «համատեղ օգտագործման», բայց կասկածից վեր է, որ նպատակը հետագայում դա ամբողջությամբ յուրացնելն ու այդպիսով Մարտունին ճանկելն է, ինչպես նաև դեպի Շուշի անարգել մուտք ստանալը։ Դրա համար իրավական չնչին իսկ հիմք չկա, փոխարենը՝ կա չխանգարելու Փաշինյանի բացահայտ ցանկությունը և, հետևաբար՝ փաստացի համաձայնությունը։ Հարությունյանի մասին տվյալ դեպքում խոսելն անգամ ավելորդ է։

«Քարե պատերազմը», ամենայն հավանականությամբ, կվերսկսվի Արցախի նաև մյուս ճանապարհներին, քանի որ Ալիևին պետք է վախի մթնոլորտ ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում, Ճիշտ այնպես, ինչպես որ Ադրբեջանին պետք էր ստեղծել դա 80-ականների վերջին: Միանգամայն հավանական է, որ հենց այդ նպատակով մարտի 20-ին սպանվեց Կարմիր Շուկայի բնակիչ Վրեժ Պողոսյանը: Ալիևն ուզում է ապացուցել, որ այստեղ նույնպես ինքն է տեր ու տիրակալը և աստիճանաբար ճանկում է ողջ տարածքը, որովհետև, իբր, «ղարաբաղյան հարցը փակված է»։ Դատելով ադրբեջանցիների և թուրքերի հետ բարեկամության ու տնտեսական համագործակցության և հանուն ապագա «բարգավաճման» ցանկացած նվաստացման համաձայնելու անհրաժեշտության ուղղությամբ տարվող ուժգին պետքարոզչությունից, այդ առնչությամբ նույնպես ստացվել է հայկական իշխանությունների համաձայնությունը: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը չի բարձրացնում Ալիևի կողմից եռակողմ համաձայնագրի արդեն երկու կետերի բացահայտ խախտման հարցը, ընդ որում մի քայլ անգամ չշեղվելով Հայաստանի պարտավորությունների անվերապահ կատարումից։

Միայն հիշեցնեմ իշխանության ղեկին գտնվող մեր տհասներին, որ «քարե պատերազմ» ընթանում էր դեռևս ԽՍՀՄ-ի օրոք, ընդ որում՝ երբ այն դեռ բավական ամուր էր, փլուզումից երեք տարի առաջ։ Ուստի գծանշելով «խորհրդային սահմանները», սերմանելով տխրահռչակ «ժողովուրդների բարեկամությունը» և պատկերելով «հաղորդակցության բացման» գայթակղիչ հեռանկարներ, չէր խանգարի մտաբերել, թե ինչի դա հանգեցրեց 90-ականների սկզբին։ Եվ շարունակվում է առ այսօր։