Ի՞ՆՉ ԱՐԺԵ AstraZeneka-ն «ՎՈԶի ՏՂԵՔԻ» ՀԱՄԱՐ

Հայաստանում կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը հետպատերազմյան շրջանում մեծապես փոխվել է այն վտանգների խորապատկերին, որոնք բնակչության ողջամիտ մասի կողմից ընկալվում են որպես լրջագույն սպառնալիք բուն պետականությանն ու ժողովրդի ֆիզիկական գոյատևմանը: Դրա համար էլ վարակվածների թվի կտրուկ աճը՝ սկսած մարտ ամսից, չհանգեցրեց բնակչության շրջանում փոքրիշատե էական մտահոգության և անվտանգության միջոցների ուժգնացման։ Հարկ է արձանագրել նաև, որ անցած տարվա ընթացքում աշխարհում նույնպես փոխվել է վերաբերմունքը վիրուսի նկատմամբ. շեշտը դրվում է ոչ թե քաղաքացիների կողմից անվտանգության միջոցների պահպանման, այլ առավելապես պատվաստումների վրա:

Ինչպես եվ սպասվում էր, տարբեր արտադրողների պատվաստանյութերի ի հայտ գալուն պես աճեց նաև ընդհանրապես համավարակի քաղաքական բաղադրիչը, ինչն ակնհայտ էր ի սկզբանե: Արդյունավետության զուտ բժշկական ցուցանիշների առումով մրցակցությունից բացի՝ հատուկ նշանակություն է ձեռք բերում այս կամ այն պատվաստանյութն արտադրող երկիրը։ Այս առումով Հայաստանում փոքր-ինչ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից, Առողջապահության նախարարությունը չի շտապում պատվաստումների հարցում, և այդ առումով մենք հետ ենք մնում նույնիսկ տարածաշրջանային հարևաններից։ Մյուս կողմից, իշխանություններն առ այսօր չեն կողմնորոշվել, թե հատկապես որ պատվաստանյութին տալ նախապատվությունը. ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նրանց ընտրությունը թելադրված է երկու գործոնով. անձնական շահով և քաղաքական նախապատվություններով, իսկ հնարավոր է և՝ պարտադրանքով։

Արժե մտաբերել, որ նախքան պատերազմը, երբ հասարակության ուշադրությունը սևեռված էր համավարակի վրա, բազմիցս բարձրացվել են միջոցների արդյունավետ ծախսման և կոռուպցիոն ահռելի ռիսկերի հարցերը, ներկայացվել թվեր ու փաստեր, որոնք վկայում էին առողջապահության նախարար Թորոսյանի և ողջ թիմի կողմից թույլ տրված հնարավոր չարաշահումների մասին։ Սակայն պատերազմը մի կողմ նետեց բոլոր այդ խնդիրները, ի վերջո մեզ դեմ առ դեմ թողնելով ազգային աղետի հետ, որի խորապատկերին մնացած ամենը այնքան էլ էական չի թվում։ Այդ թվում՝ իրապես հնարավոր ֆինանսական հանցագործությունները կորոնավիրուսի հարցում։ Մանավանդ որ այսօր երկրում տիրող իրավիճակը լայն ճանապարհ է բացում ամեն տեսակի իրավախախտումների համար, քանզի հասարակության ակտիվ և սթափ դատող զանգվածը գլխովին զբաղված է մեկ ճակատագրական խնդրով՝ Հայրենիքի փրկությամբ։

Դրա հետ մեկտեղ, Առողջապահության նախարարության չինովնիկները. ինչպես ներկա, այնպես էլ նախկին, որոնք սակայն, դատելով ամենից, շարունակում են որոշումներ կայացնել այդ ոլորտում, դժվար թե կարող են մեզ՝ շարքային քաղաքացիներիս, համարել կատարյալ հիմարներ, որոնք անկարող են տեսնել իրենց պարզունակ հնարքները: Հասկանալի է, որ «ԱՀԿ-ի տղայի» համար, ինչպես ժամանակին դիպուկ անվանել են Արսեն Թորոսյանին, հիմա փաստացի իդեալական պայմաններ են ստեղծվել, որպեսզի քաղաքական աղմկալի վայրիվերումների քողի տակ իրականացնեն իրենց կեղտոտ գործերը։ Այդուհանդերձ այն, ինչ օրերս հայտարարեց Առողջապահության նախարարությունից ոմն տիկին, ինչպեսև հաղորդագրությունը սկանդալային համբավ ստացած պատվաստանյութի 24 հազար դեղաբաժին Հայաստան ներկրելու մասին, չէր կարող չանհանգստացնել։

Խոսքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանի մասին է, որը մարտի 29-ին հայտնեց, որ Հայաստանը AstraZeneca պատվաստանյութը գնել է 4,5 դոլարով՝ միջազգային շուկայում սահմանված 25 դոլարի փոխարեն: Նա ասաց հետևյալը. «AstraZeneca» պատվաստանյութի գինը շատ բարձր է, միջազգային շուկայում գինը հասնում է մինչև 25 ԱՄՆ դոլարի: Մենք այն ձեռք ենք բերել COVAX Facility նախաձեռնության շրջանակներում, ինչի շնորհիվ մեկ դեղաչափի համար վճարում ենք 4,5 ԱՄՆ դոլար»։

Գուցեև տիկին Սահակյանը շատ լավ մասնագետ է իր ոլորտում։ Հարցեր է առաջացնում մեկ այլ բան. դատելով ամենից, նա համոզված է, որ իր խոսքերը վերջին ատյանի ճշմարտություն են, որը հնարավոր չէ ստուգել։ Մինչդեռ համակարգչային առումով փոքրիշատե գրագետ ցանկացած մարդ կարող է պարզունակ որոնում տալ Google-ում և ստանալ տվյալ մասնագետի հայտարարությունը լիովին հերքող արդյունք: Այն է՝ AstraZeneca պատվաստանյութը այսօրվա շուկայում ամենից էժանն է առկա պատվաստանյութերից։ Եվ արժե ոչ թե 25 դոլար, այլ շատ ավելի էժան։

Ահա եվրոպական աղբյուրների տվյալները տարբեր ժամանակահատվածներում այդ պատրաստուկի արժեքի վերաբերյալ։

2020 թվականի նոյեմբերին գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանը գրել է. «Ամենից էժանը, ըստ լրատվական գործակալությունների, կլինի AstraZeneca ընկերության օքսֆորդյան պատվաստանյութը. դեղաչափի գինը կկազմի շուրջ 2.50 եվրո, այնպես որ պատվաստումը կարժենա 5 եվրո»:

Դեկտեմբերին ֆրանսիական Le Monde թերթը ներկայացրել է ամենահայտնի պատվաստանյութերի հետևյալ գները (եվրոյով). AstraZeneca՝ 1,78, Johnson & Johnson՝ 6,93, Sanofi/GSK՝ 7,56, CureVac՝ 10, Pfizer-BioNTech՝ 12, Moderna՝ 14,68:

Իսկ ահա թարմ տվյալները, 2021 թվականի փետրվարի 20-ի դրությամբ: Regnum գործակալությունը, հղում կատարելով իտալական RAI հեռուստաալիքին, հաղորդեց, որ Եվրոպական հանձնաժողովը շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերությանը կվճարի 870 մլն եվրո՝ պատվաստանյութի 300 մլն դեղաչափի համար: Այսինքն, ինդպես հաշվարկել են լրագրողները, AstraZeneca պատվաստանյութի մեկ բաժինը ԵՄ-ի համար կարժենա 2,9 եվրո:

Լավ, ենթադրենք, թե Եվրամիության համար պատվաստանյութն ավելի էժան է, քան մնացյալ երկրների։ Բայց ա՞յդ աստիճան։ Տարբերությունը 25 դոլարի և 2,9 եվրոյի (3,5 դոլարից մի քիչ պակաս) միջև, համաձայնեք, ահռելի է։ Թե որտեղից է վերցրել այդ թիվը Առողջապահության նախարարության պաշտոնյա տիկինը, դժվար է ասել։ Կա՛մ իրենց են խաբել, կա՛մ իրենք են խաբում են մեզ։ Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանության առանձնահատկությունները՝ երկրորդը, իհարկե, շատ ավելի հավանական է։ Միայն թե կրկին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչո՞ւ են նրանք մեզ հիմարի տեղ դնում մի իրավիճակում, երբ իրենց սուտը բռնելը հեշտից էլ հեշտ է։

Ոչ պակաս հարցեր են առաջանում նաև այն առնչությամբ, թե ինչու է ՀՀ առողջապահության նախարարությունը նախապատվությունը տալիս հենց AstraZeneca շվեդ-բրիտանական պատրաստուկին, երբ այդ պատվաստանյութի կիրառումն արդեն հասցրել է անցանկալի կողմնակի արդյունքների հանգեցնել աշխարհի բազմաթիվ երկրներում: Հարևան Վրաստանում, հիշեցնեմ, այդ նյութով պատվաստումից հետո բուժքույրը սկզբում կոմայի մեջ ընկավ, իսկ հետո մահացավ։ Դրա կիրառումից հետո մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, իսկ առավել հաճախակի կողմնակի հետևանքը թրոմբների առաջացումն է:

Բառացիորեն մարտի 30-ին Գերմանիայից հաղորդագրություն ստացվեց, որ Բեռլին ֆեդերալ երկրամասը կրկին դադարեցնում է մինչև 60 տարեկան մարդկանց պատվաստումն AstraZeneca-ով: Պատճառը թրոմբների առաջացումն է վերջերս պատվաստված 31 մարդկանց մոտ։ Նրանցից ինը մահացել են։ Նույն պատճառով մի շարք եվրոպական երկրներ նույնպես ժամանակավորապես դադարեցրել են այդ պատվաստանյութի օգտագործումը։

Ճիշտ է, Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ դրա առավելությունները գերազանցում են ռիսկերը, բայց միաժամանակ խորհուրդ է տվել զգուշացնել հիվանդներին և բժիշկներին հնարավոր կողմնակի հետևանքների մասին: Սակայն փաստը մնում է փաստ, հենց AstraZeneca-ն է առավել վիճելին գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերից։ Բայց հենց դա է գնում ու Հայաստան բերում Առողջապահության նախարարությունը։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ դա ամենից էժանն է, բայց կարելի է խաբեությամբ ներկայացնել իբրև թանկարժեք դեղամիջոց և շահաբաժիններ վաստակել «քաղաքացիների առողջության մասին հոգացողության» վրա։ Կամ գուցե այն պատճառով, որ բրիտանակա՞ն է։

Ընդ որում ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչը ջերմեռանդորեն հավաստիացնում է քաղաքացիներին, թե պատվաստանյութն, իբր, բացարձակ անվտանգ է։ Ի պատասխան՝ մենք նրան կասենք, որ մեր ուրույն, առանձնահատուկ վերաբերմունքն ունենք «ԱՀԿ-ի տղաների» նկատմամբ, և բուն այդ կազմակերպությունն էլ այնքան է վարկաբեկել իրեն այս տարվա ընթացքում, որ ավելի լավ է լռեն:

Մեկ այլ հարց. ինչո՞ւ ներկրել վիճելի շվեդ-բրիտանական պատվաստանյութը, եթե աշխարհում ամենաարդյունավետներից մեկն այսօր համարվում է ռուսական «Սպուտնիկ-V»-ն, որն անչափ ցանկանում են գնել, չնայած քաղաքական ենթատեքստին, նույնիսկ Եվրոպայում։ Մանավանդ որ, ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մեզ առաջարկում են կազմակերպել դրա արտադրությունը տեղում՝ Հայաստանում։

Կարելի է տալ նաեվ այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը համառորեն չի նկատում, որ աշխարհում ամենից արդյունավետ ու անվտանգ պատվաստանյութերից մեկն արտադրում է մեր հայրենակցի ընկերությունը, որն ընդ որում սերտորեն կապված է պատմական հայրենիքի հետ և «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկն է։ Խոսքը Նուբար Աֆեյանի և նրա Moderna պատվաստանյութի մասին է։ Ճիշտ է, դա ամենաթանկն է հայտնի բոլոր պատվաստանյութերից. մեկ դեղաչափն արժե միջինը 18 դոլար, բայց եթե կարելի է 4,5 դոլարով գնել այն, ինչն արժե իբր 25 դոլար, ապա ինչո՞ւ գոնե չփորձել պայմանավորվել Աֆեյանի հետ Հայաստանի համար նշանակալի զեղչի մասին։

Չափազանց շատ են, համաձայնեք, հարցերը կորոնավիրուսի առնչությամբ, որի հետ կապված իրավիճակը, ինչպես հայտարարում են Առողջապահության նախարարության մասնագետները, կրկին բավական լարված է դարձել. ընդհուպ մինչև հիվանդանոցներում մահճակալների անբավարարություն։ Բայց ներկայիս աբսուրդային Հայաստանում, ավաղ, այլ կերպ չի լինում։ Քանի որ ունենք դավաճանների և արկածախնդիրների կառավարություն, որին բնակչության գերակշիռ մասը համատարած անվստահությամբ է վերաբերվում ահռելի քանակությամբ պատճառներով։ Այդ թվում՝ պետական մակարդակով տոտալ կոռուպցիայի և դեռևս իրենց տրամադրության տակ գտնվող ամեն ինչ հափռելու մոլուցքի։

Այստեղից էլ «ԱՀԿ-ի տղայի» ու իր ընկերախմբի ձգտումը՝ ներկայացնելու ամենաէժան պատվաստանյութն իբրև շատ թանկարժեք, կամայականորեն «բարձրացնելով» իրական գինը գրեթե 10 անգամ։ Եվ դրանով իսկ հերթական անգամ հաստատելով ժուլիկների ու ստախոսների սեփական համբավը, որոնց, անկասկած, աշխարհի ոչ մի պատվաստանյութ չի կարող օգնել ազնիվ մարդ դառնալ