Խաղաղապահների համար շարժական քաղաքները մինչև ապրիլի 5-ը շահագործման կհանձնվեն

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների համար շարժական քաղաքները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, իսկ մինչև ապրիլի վերջը խաղաղապահների համար շարժական հիվանդանոց կբացվի, լրագրողներին ասել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, Բուլգակովը մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար 250 տեղանոց մեկ այլ բլոկ-մոդուլային քաղաքի բացման և բնակեցման արարողությանը: Նման քաղաքում յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով: «Այսօր մենք ավարտում ենք 25 այդպիսի քաղաքների կարգավորումները, շահագործման հանձնումը: Ամեն ինչ շահագործման կհանձնվի ապրիլի 5-ից ոչ ուշ, այսինքն մեր բոլոր խաղաղապահները կտեղավորվեն»,- ասել է բանակի գեներալը:

Բուլգակովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղում կառուցվում է շարժական հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին կտրամադրվի որակյալ օգնություն հատուկ նշանակության բուժմիավորման կողմից: Զինվորական վարչության պետի տեղակալը պարզաբանել է, որ շարժական հիվանդանոցը հավաքելու աշխատանքները կսկսվեն ոչ ուշ, քան ապրիլի 5-7-ը, և այն պետք է ավարտվի ամսվա վերջին: «Ապրիլի վերջին մենք պետք է ավարտենք մեր խաղաղապահ ուժերի ամբողջական դասավորությունը բոլոր ուղղություններով»,- հավելել է ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը: Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ռազմական գերատեսչությունը Ռուսաստանի Զինված ուժերի համար կառուցում է բլոկ-մոդուլային քաղաքներ հեռավոր շրջաններում և Ռուսաստանի տարածքի դժվարամատչելի վայրերում, մասնավորապես` հեռավոր Հյուսիսի շրջաններում: Քաղաքի այս տեսակը մշակված լուծում է:

Քաղաքների շինարարության մեջ ներգրավված է 589 զինվորական շինարար և 45 միավոր տեխնիկա: Բացի այդ, ռազմական գերատեսչության նյութատեխնիկական ապահովման մասնագետները լրացուցիչ աշխատանքներ են իրականացնում բլոկ-մոդուլային քաղաքներին հարակից տարածքներում բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ:

Քաղաքներում գտնվող մոդուլները հագեցած են մահճակալներով, պահարաններով, սեղաններով և աթոռներով, ցնցուղներով, ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ): Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, խորդանոց, ճաշարան և մթերային պահեստ, տեղեկացնում է News.am: