Գլազևը՝ գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման և ԵՏՄ-ում խոչընդոտների վերացման մասին
Եվրասիական տնտեսական ինտեգրման մինչև 2025 թվականը ռազմավարական ուղղությունների մի մասը կապված է ԵՏՄ-ի արդյունավետության զարգացման հետ: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Սերգեյ Գլազևը:
Նրա խոսքով՝ այս շաբաթ հավանություն է տրվել ռազմավարական ուղղությունների իրականացման ծրագրին, որտեղ նշված են կոնկրետ ժամկետներ, կատարողներ, մանրամասներ, մեխանիզմներ:
«Արդեն սկսվել են ռազմավարության իրականացման հարցով աշխատանքները: Առաջին ուղղությունը մեզ համար ավանդական է, այն առաջնահերթ է. բարիերների վերացում և ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ շարժի համար բարիերների մաքսիմալ կրճատում միասնական տնտեսական տարածքում:
Բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և դեռ քանի դեռ չկա պետությունների միասնական դիրքորոշում, մեզ համար դժվար է առաջ շարժվել»,-ասաց նա:
Նա կարևորեց միությունում ռեյտինգային գործակալության ստեղծումը:
Գլազևը հավելեց, որ երեքշաբթի հավանություն է տրվել գիտական աստիճանների փոխադարձ ճանաչմանը և ԵՏՄ-ում խոչընդոտների վերացմանը:
«Դա աշխատաշուկայում առաջին խոչընդոտներից մեկն է: Բացի այդ, աշխատանքներ են տարվում եվրասիական տարածքում բորսային ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ Ասիայում նավթամթերքի գլխավոր սպառողների՝ Չինաստանի և Հնդկաստանի մասնակցությամբ»,-նշեց Գլազևը:
«Քանի դեռ մենք չենք ստեղծել մեր ռեյտինգային գործակալությունը, մենք կլինենք մանիպուլյացիաների օբյեկտ ԱՄՆ-ի համար։ Սա շատ կարևոր հարց է, մենք կորցնում ենք մեծ գումարներ»,-հավելեց Գլազևը, տեղեկացնում է News.am-ը: