Ֆրանսիացիներին խոստանում են մինչև ամառ վերադառնալ «նորմալ կյանքի»

Ֆրանսիացիներին խոստանում են մինչև ամառ վերադառնալ «բնականոն կյանքի»: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հավաստիացրել է, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը կվերջանա մայիսին, իսկ ապրիլի վերջին վերակենդանացման բաժանմունքներում պացիենտների թիվը կնվազի, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ արդեն ամռանը ֆրանսիացիները կկարողանան արձակուրդ մեկնել ու «գործնականում վերադառնալ նորմալ կյանքի»: Խոսելով համազգային կարանտինի անհրաժեշտության և պատվաստումների արշավն արագացնելու մասին՝ նախարարը նշել է, որ Ֆրանսիան կկարողանա 7-10 օրվա ընթացքում հասնել համաճարակի գագաթնակետին, եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից Ֆրանսիայում մեկ ամիս ժամկետով համապետական կարանտին է ներդրվում: Ժամը 19.00-ից հանրապետության տարածքում պարետային ժամ կմտցվի և կարգելվի բնակության վայրից ավելի քան 10 կիլոմետր հեռանալը: Ապրիլի 5-ից դպրոցներն ու մանկապարտեզները առնվազն երեք շաբաթով կփակվեն: