ԿՈՄԱՆԴՈՍԻ ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱՍՏՂԸ

Գնա~ց, երկինք համբառնեց մեծ հայրենասերի, հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրելու փայլուն օպերացիան մեր լեռներում ՀԱՐՍԱՆԻՔ դարձրած զորավարի, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյան- Կոմանդոսի ազնվագույն հոգին: Վշտահար է Արցախը... Նրան որպես հարազատ որդու՝ իր գիրկն առած, իր սրտի ոսկե գահին նստեցրած, փառքի շողշողուն բարձունքներին հասցրած, արժանի, գերարժանի հային ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշանի ասպետ կոչած, հիրավի ժողովրդական հերոսի պատիվներ տված, երբեմնի հզոր, հիմա՝ վիրավոր ու բզկտված Արցախի Հանրապետությունը... Վշտահար է Մայր Հայաստանը և ի սփյուռս աշխարհի բովանդակ հայությունը... Հայի զորավարական հանճարի խորհրդանիշ էր, քայլող լեգենդ էր Կոմանդոսը: Եվ ժամանակի մշտնջենական հոլովույթում, մեր ժողովրդի անդավաճան հիշողության մեջ հավերժելու է Հայրենիքի հավերժական զինվոր-գեներալի փառքը: Տաղանդավոր ռազմագետի շողշողուն աստղը երբեք չի խամրելու, հավերժափայլ է: Վառ ու բացառիկ անհատականությունների երջանիկ ճակատագիրն է դա: Իսկ առօրյա կյանքում՝ պարզ ու հասարակ, մարդամոտ այր էր նա:

Ազգովի խոնարհվենք վաստակազարդ գեներալի աննախադեպ սխրանքի առջև և հուսանք, աներեր հավատով հուսանք, որ տագնապախռով հայ ժողովուրդը մի նոր Կոմանդոս կունենա, ով Ազգային հերոսի հանդուգն օրինակով, Արցախում կյանքի կկոչի մի նոր ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ՝ կրկին ազատագրելով արծվի պես բարձունքին թառած, որպես հայոց մշակութային կենտրոն՝ լույս ճառագած, բայց դավադրորեն թուրքին հանձնված, պղծված Շուշին և, իհարկե, քաոսի մեջ հայտնված, իր մարտական ոգով հայտնի Դիզակ- Հադրութի շրջանը, որն առաջինն է պարզել Ղարաբաղյան հզոր շարժման հպարտ դրոշը: Կոմանդոսի ու մեր սրբազան Հայրենիքի նվիրյալ բոլոր հերոսների աննկուն, արթուն ոգիները մեզ հետ են: Եվ թող տա Աստված:

Խոնարհումով՝

Ռուբեն Գրիգորյան, լրագրող