Բաբայան․ Քաղաքականությունից չհասկացող մարդիկ չպետք է հայտարարություններ անեն

Թշնամին Արցախի տարածքները բռնազավթել, օկուպացրել է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Երբ թուրքն ու ադրբեջանցին ասում են, որ այդ տարածքները, Երևանը, Ստեփանակերտը, այս մեկը, այն մեկն իրենց է՝ մի բան է, շատ ավելի վտանգավոր է, երբ մենք ենք ասում, որ դա իրենց տարածքն է, օրինակ՝ Քարվաճառը: Այ սա է ամենամեծ վտանգը, նույնը Շուշիի, ցանկացած գյուղի, մեկ սանտիմետր հողի կարգավիճակի մասով:

Ի՞նչ է նշանակում՝ Քարվաճառը մերը չէ: Երբ խոսում ենք դեօկուպացիայի մասին, Ադրբեջանը կարող է ասել՝ ասում են՝ մերը չէ: Ինչի՞ մասին եք խոսում: Ես չգիտեմ՝ հայտարարությունները պատահակա՞ն են, թե՞ պատահական չեն, բայց մարդիկ, ովքեր պատմությունից, քաղաքականությունից չեն հասկանում, չպետք է հայտարարություններ անեն», - նկատեց նախարարը:

Բաբայանի խոսքով՝ պետք է լրջորեն վերանայենք մեր աշխարհընկալումը: Ըստ նրա՝ մեր պարտությունների, դժբախտությունների գլխավոր մեղավորը մենք են:

Ցույց տալով պատերազմի զոհերի շիրիմները՝ նախարարը բարձրաձայնեց, որ նրանք այս հողում իրենց արյունն են թափել, և մարդիկ հողի գինը պետք է հասկանան:

«Սա ոչ միայն քաղաքական հարթությունում է, շարքային քաղաքացին չպետք է փողոցում թքի, որովհետև այս հողում արյուն է թափվել, թաթախված է արյամբ: Երբ գանք այդ աշխարհընկալմանը, բազմաթիվ հարցեր կլուծվեն», - ասաց Արցախի ԱԳ նախարար, տեղեկացնում է Aysor.am: