ՍՊԱՆԵԼ ՎԻՇԱՊԻՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՇՈՒՇԻՆ
Կոմանդոսի հիշատակին
Դա գրեթե 11 տարի առաջ էր, 2010-ի ամռանը։ Ավտոբուսը լի էր հայտնի մարդկանցով. զինվորականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, որոնք մեկնում էին Ստեփանակերտ՝ Համահայկական ֆորումի։ Տրամադրությունը բարձր էր, թեև միջոցառման անցկացման անհրաժեշտությունը թելադրված էր բանակցային գործընթացի հերթական անբարենպաստ զարգացումներով։ Ստեփանակերտ էին ժամանել նաև Սփյուռքի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ, օտարազգի գործիչներ։ Ինքնին հասկանալի է, որ ներկայացուցչական միջոցառման հիմնական ուղերձն այն էր, որ ցույց տրվեր հայ ժողովրդի միասնականությունը Արցախի Հանրապետությունը պաշտպանելու վճռականության մեջ։
Գորիսով անցնող այնքա՜ն հարազատ ճանապարհով հասանք Քաշաթաղ։ Չէր հասցրել ավտոբուսն անցնել «մաքսատունը», երբ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը մինչ այդ համեստ նստած էր տեղում, առաջ անցավ, կանգնեց վարորդի կողքին ու սկսեց պատմել , թե ինչեր են տեղի ունեցել այդ վայրերում պատերազմի ժամանակ... Լեգենդար Կոմանդոսը, ինչպես հայտնի է, խոսքի վարպետ չէր. նա գործի վարպետ էր, բայց ավտոբուսում բոլորն ակնթարթորեն լռեցին ու սկսեցին ուշադիր լսել նրա պատմածը։ Նա մեկնաբանում էր գրեթե ամեն մետրը. ահա այստեղ այսպիսի բան պատահեց, այստեղ վիրավորվեց այսինչը, այստեղով անցանք տանկերով, այնտեղ ջախջախեցին թշնամուն, այնտեղ բենզինը վերջացավ ու ստիպված էինք կանգ առնել, պատմում էր նա՝ ցույց տալով վսեմ լեռները, որոնք, ինչպեսև ինքը, ոչ վաղ անցյալի հերոսական մարտերի վկան ու մասնակիցն էին…
Դա հիրավի աննկարագրելի էր. ներկաներից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում էր պահի պատմականությունը և այն, թե ինչ բախտ է վիճակվել իրեն. բառացիորեն տեղում լսել այն մարդու հուշերը, որը պատմություն է կերտել և ազատագրել Հայրենիքի մի կտոր։ Ավաղ, սմարթֆոններ այն ժամանակ դեռ չկային, որպեսզի նկարահանեինք այդ ամենը։
Հասանք Շուշի։ Բայց այդտեղ Արկադի Իվանովիչը կանգ առավ. դա բոլորովին այլ պատմություն էր, առանձնահատուկ, եզակի ոչ միայն հայոց պատմության մեջ։ Այդտեղ պետք էր անցնել այլ վայրերով, դեպի Հունոտի կիրճ (Ջդրդուզ), մտնել Ղազանչեցոց տաճար և հիշել բոլոր նրանց, ովքեր գործեցին բերդաքաղաքի վերադարձի հրաշքը։ Բոլորին, ոչ միայն Կոմանդոսին…
Հայաստանում և Արցախում շատերն ունեն Մարդ-լեգենդի հետ հանդիպումների իրենց պատմությունը, յուրաքանչյուրի համար՝ անմոռանալի: Այդպիսին էր այդ մարդը. Անմոռանալի։ Անսահման հմայիչ ու անսահման համեստ։ Մեր կողքին ապրող հերոս, որը կարողացավ, ի տարբերություն պատերազմի բազմաթիվ այլ հերոսների, բացարձակ անբասիր պահել իր հեղինակությունը, իր սպայական պատիվն ու մարդկային արժանապատվությունը։ Նրան սիրում ու հարգում էին բոլորը, և նույնիսկ մեր չափազանց խառնակ ու խռովահույզ ժամանակներում նրա անունը մնաց որպես ազնվության, բարձր բարոյականության, Հայրենիքի նկատմամբ անշահախնդիր ու ամենահաղթ սիրո խորհրդանիշ։ Այդ վսեմ նկարագրով էլ նա հեռացավ հավերժության գիրկը։
Սոցցանցերը լի են վշտով ու հուշերով Արկադի Իվանովիչի մասին: Շատերը համարում են, որ լավ է, որ նա հեռացավ նախքան մայիսի 9-ը, երբ ստիպված կլիներ խոնարհել գլուխը, քանզի իր ազատագրած Շուշին դավաճանները հանձնեցին թշնամուն։ Կարծում եմ, սակայն, որ Կոմանդոսի, ինչպեսև մեր ամենքիս խոնարհումը պետք է լինի միայն զոհվածների և վիրավորների հիշատակի առջև. բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին Արցախը պաշտպանելու համար, բայց դավաճանվեցին իրենց իսկ իշխանությունների կողմից։ Այո, Շուշին ժամանակավորապես հայտնվել է թշնամու ձեռքում, բայց գլխիկոր մնալով՝ մենք դժվար թե վերադարձնենք այն։
Այդ կապակցությամբ տեղին են թվում զուգահեռները ներկա օրվա և 90-ականների սկզբի ու կեսերի իրադարձությունների միջև, երբ Շուշին ազատագրվեց, բայց Արկադի Տեր-Թադևոսյանը, որի ղեկավարությամբ էր մշակվել ու իրականացվել «Հարսանիք լեռներում» եզակի ռազմական գործողությունը, զրկվեց իշխանության բարեհաճությունից։
«Շուշիի գրոհի հինգերորդ տարեդարձը մեծ շուքով նշվում էր Արցախում։ Հրավիրված էին կարևոր հյուրեր, փոփ-երաժշտության աստղեր Ռուսաստանից և այլք: Ծաղիկներ դնելուց հետո մեր առաջնորդները գնացին Շուշի՝ նշելու, ինչպես միշտ՝ առատ կերուխումով: Եվ քչերը նկատեցին համեստ հագնված մարդուն, որը չխառնվելով հյուրերին՝ ծաղկեփունջ դրեց գերեզմաններից մեկին ու լրիվ մենակ, ասես չցանկանալով ուշադրություն գրավել, հեռացավ հուշահամալիրից ու գնաց։ Ոտքով ու միայնակ։ «Ախր սա Կոմանդո՛սն է,- ապշահար ասաց ընկերուհիս, որի հետ գնացել էինք Եղբայրական գերեզմանոց։- Իսկ ինչո՞ւ նա բոլորի հետ չէ»։ «Ախր նա շնորհազրկված է, - հիշեցրի ես,- մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»: Մենք մոտեցանք Կոմանդոսին ու ջերմորեն ողջունեցինք նրան, շնորհավորեցին Հաղթանակի կապակցությամբ և ասացինք, որ հիշում ու սիրում ենք իրեն:
«Աստված հոգիդ լուսավորի, ընկեր գեներալ։ Ձեր գործերն անմահ են հայոց հիշողության մեջ։ Շնորհակալություն Շուշիի համար։ Ներեք, որ չպահպանեցինք». այսպիսի գրառում է հրապարակել Ֆեյսբուքում Ստեփանակերտի մի բնակչուհի։
Հինգերորդ տարեդարձը 1997 թվականին էր. մռայլ ու դժնի ժամանակաշրջան, երբ ընտրություններում պարտված Տեր-Պետրոսյանը փորձում էր ամեն գնով մնալ իշխանության ղեկին։ Բայց ստիպված եղավ հեռանալ 1998-ի փետրվարին՝ չորս ամիս անց այն բանից հետո, երբ հրապարակավ հայտարարեց, որ մտադիր է հանձնել Արցախը, ասուլիսի ժամանակ արտաբերելով տխրահռչակ արտահայտությունը. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Թե ինչպես էր Տեր-Պետրոսյանը մտադիր լուծել Ղարաբաղի հարցը, նա անձամբ շարադրել էր դեռևս 1992 թվականի մարտին՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, բաց տեքստով հայտարարելով, որ իրեն կգոհացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, և ինքը պատրաստ է քննարկել այդ հարցը։
Ուղիղ 2 ամիս անց ազատագրվեց Շուշին։ Հակառակ Տեր-Պետրոսյանի ցանկության. և դա հանրահայտ փաստ է։ Հանրահայտ է նաև, որ այդ օրը՝ 1992 թվականի մայիսի 9-ին, առաջին նախագահը գտնվում էր Թեհրանում և հենց այնտեղ ստացավ այդ լուրը, որն այնքա՜ն ուրախալի էր յուրաքանչյուր հայի համար՝ աշխարհի ցանկացած կետում։ Յուրաքանչյուրի, բայց ոչ Տեր-Պետրոսյանի, որը մինչ այդ հայտարարում էր, թե «Շուշին վերցնել չի կարելի»։ Կասկածից վեր է, որ նա այդպես էլ չներեց Արկադի Տեր-Թադևոսյանին և մեր մյուս գեներալներին ու զինվորներին, որոնք «հանդգնեցին» հակառակվել իր կամքին ու ազատագրել Շուշին։ Դրանով իսկ կատարելով, ինչպես ասել է ինքը՝ Կոմանդոսը, հայ ժողովրդի կամքը։ Դրանով իսկ կերտելով հավերժական լեգենդ և նոր էջ բացելով հայ ժողովրդի պատմության մեջ։
Բայց ոչ միայն։ Ազատագրելով Շուշին, հայ գեներալներն ու զինվորները Կոմանդոսի գլխավորությամբ կոտրեցին զոհի հարյուրամյա բարդույթը, ապացուցելով ողջ աշխարհին և առաջին հերթին հայ ժողովրդին, որ նա կարողանում է և պետք է հաղթի։ Շուշիի ազատագրման խորքային իմաստը նաև դրանում էր։ Ինչպես որ 2020թ. աշնանը Արցախի և Շուշիի հանձնման խորքային իմաստն ամփոփված էր նրանում, որ մեզ կրկին վերադարձնեն հաղթելու անընդունակ ժողովրդի այն նույն վիճակին, որը կարող է գոյատևել միայն թշնամուն լիակատար հնազանդվելու պայմաններում և ավագ եղբոր՝ Ռուսաստանի անվերապահ հովանու ներքո։ Դա հնարավոր եղավ անել միայն մեկ ճանապարհով. ավելի քան քառորդ դար շարունակ հիմնավորապես լվանալով բնակչության մի մասի ուղեղը և, որպես սև գործի պսակ՝ իշխանության բերելով դավաճաններին ու ցինիկներին։
1992-ին Հայաստանում և Արցախում գտնվեցին բավականաչափ համարձակ գեներալներ ու զինվորներ, որպեսզի հակառակվեն Հայաստանի ղեկավարության կամքին և անեն այն, ինչը ճակատագրական էր ժողովրդի և պետության համար։ Ավելին, այն ժամանակ Տեր-Պետրոսյանը ստիպված էր թաքցնել զայրույթն ու համակերպվել Շուշիի, ապա նաև ողջ Արցախի ազատագրման հետ, քանզի գիտեր, որ ժողովուրդը միասնական է իր ձգտումների և իր բարոյական ուժի մեջ։ Գիտեր, որ բավական է մի ծպտուն հանի՝ «Հարսանիք լեռներում» գործողության և հետագա բոլոր իրադարձությունների դատապարտումով, տեղնուտեղը կթռնի պաշտոնից։ Այդպես էլ եղավ. հենց Արցախի վերաբերյալ դիրքորոշումն էր 1998թ. փետրվարի 3-ին առաջին նախագահի հրաժարականի պատճառը։ «Վիշապին» այն ժամանակ հաջողվեց սպանել առանց ավելորդ աղմուկի ու անարյուն, և պատճառը մեկն էր. մենք այլ էինք։
Անցավ 28 տարուց քիչ ավելի, և ավարտվեց գիտափորձը, որը սկսեցին հենց այն ժամանակ, 90-ականներին: Մեզ չներեցին մեր ուժը. ոչ թե ֆիզիկականը, այլ բարոյականը, մեր միասնականությունը, մեր նվիրվածությունն Արցախին: Մեզ չներեցին մեր Հաղթանակը։ Եվ շարժվեցին այլ՝ դիվական ճանապարհով. լվանում էին մարդկանց ուղեղն ու գողանում հոգին, բռնաբարելով ու այլասերելով ազգի հոգեկերտվածքը և ներշնչելով կեղծ գաղափարներ ու արժեքներ։ Հասան իրենց ուզածին. Արցախը թուրքերին հանձնած ու Հայաստանը հանձնող դավաճանը մնում է իշխանության ղեկին և նույնիսկ մտադիր է կրկին հաղթել ընտրություններում։ Քանի որ երկրում կան բավարար քանակությամբ քաղաքացիներ, որոնց գնել են գլխովին, բնակչության անգրագետ ու չքավոր հատվածի ուղեղի լվացման համար հատկացված շռայլ դրամաշնորհների միջոցով: Քաղաքացիներ, որոնց համար Արցախը դադարել է Հայրենիք լինելուց, իսկ միակ արժեք են դարձել փողն ու կուշտ կյանքը. թեկուզ անգամ թուրքական սապոգի տակ։ Որոնք պատրաստ են փողի դիմաց հայտարարել խորհրդարանի ամբիոնից. «Շուշին ադրբեջանական քաղաք է», նույնը ճղավել Երևանի փողոցներում, տեսախցիկի առաջ ծղրտալ, թե Նժդեհի ուսմունքը վտանգավոր է հայերի համար, և խնամված մատիկը թափ տալ նրանց վրա, ովքեր երազում են վերադարձնել Շուշին:
Մեր երկրում կրկին իշխում է Վիշապը՝ առաջին Վիշապի ճուտը, որն ուզում է արգելել մեզ նույնիսկ երազել Շուշին կրկին ազատագրելու մասին։ Այս անգամ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանզի նա բազմադեմ ու բազմագլուխ է, իսկ գեներալները բոլորը համատարած վախկոտներ դուրս եկան, որոնք անկարող են հակառակվել նրան։ Շուշին վերադարձնելու պատրաստ մարտիկները լիառատ են։ Բայց չկան հրամանատարներ։ Չկա Կոմանդոսը…
Կոմանդոսը չկա և մեզ հետ չէ արդեն ֆիզիկապես։ Արկադի Իվանովիչի մահը հերթական անգամ ապացուցեց, թե որքան մեծ է պատմության մեջ անհատի դերը. հերոսական, քաջարի ու նվիրված մեկ նպատակի՝ Հայրենիքի ազատությանն ու ծաղկմանը: Պատրաստ հանուն այդ նպատակի գրոհել կանխահայտ անառիկ բերդաքաղաքը՝ հավատալով սեփական նպատակի արդարությանն ու սրբությանը, Աստծուն և Հաղթանակին։ Եվ կարևոր չէ, որ հետո կզրկվես իշխանավորների բարեհաճությունից, իսկ Արցախի հերոսի կոչում կշնորհեն քո մեծ սխրանքից ամբողջ 17 տարի անց (!!!)։ Միայն 2009-ին Արկադի Տեր-Թադևոսյանը ստացավ Արցախի հերոսի կոչումը։ Բայց մի՞թե դա էր ամենակարևորը, որպեսզի նրան պաշտեր ու մեծարեր ողջ հայ ժողովուրդը։
Այսօր էլ անհրաժեշտ է հաղթել Վիշապին. բացի ամենայնից՝ նաև նրա համար, որ կրկին ազատագրենք Շուշին։ Հաղթենք և ազատագրենք՝ մեր կողքին չունենալով Կոմանդոսին, բայց պահելով Կոմանդոսին մեր սրտում։ Վիշապը պետք է տապալվի, Շուշին պետք է վերադարձվի. հիմա դա մեր պարտքն է նաև մեր սիրելի գեներալի, բոլոր նրանց առջև, ովքեր ազատագրեցին Շուշին 1992-ի մայիսին, բոլոր նրանց, ովքեր ազատագրեցին Արցախը առաջին ազատամարտում, և ովքեր փորձում էին կասեցնել Վիշապին վեց ամիս առաջ…