Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների դեմ

Ուկրաինայի նախագահ վլադիմիր Զելենսկին գործի է դրել Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի որոշումը՝ որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Վոլգա-Դնեպրի» և այլ ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են 11 ռուսական ընկերություններ:

Ուկրաինայում մտածում են՝ այդ բոլոր ձեռնարկությունները կարող են ներգրավված լինել մաքսանենգության մեջ: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից:

Պատժամիջոցները նախատեսում են արգելափակել ակտիվները, սահմանափակել առևտրային գործողությունները, ամբողջությամբ դադարեցնել ռեսուրսների, թռիչքների և տրանսպորտային փոխադրումը Ուկրաինայի տարածքով, կանխել կապիտալի դուրսբերումը երկրից, դադարեցնել համագործակցության միջազգային ձևերը և այլ սահմանափակումներ:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել է, որ կազմակերպությունը դեռ պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ուկրաինայի իշխանություններից, տեղեկացնում է ShantNews.am: