Մակունցն ասաց` ինչ համատեքստում են Թուրքիայի նկատմամբ կեցվածքը փոխելու հայտարարությունները

Հայտարարությունները, որոնք հնչում են հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, տարածաշրջանային վերաձևավորումների համատեքստում են։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` խոսելով հնչող պաշտոնական այն տեսակետների մասին, համաձայն որոնց` պետք է կեցվածքը փոխել թշնամի պետությունների հանդեպ։

Նշենք, որ մեծ աղմուկ է բարձրացրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արված այն հայտարարությունը, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

«Այդ հայտարարությունները տարածաշրջանային վերաձևավորումների համատեքստում են, որոնք պարտավոր ենք հաշվի առնել և, ըստ այդմ, որոշումներ կայացնել` դիրքավորվել կամ վերադիրքավորվել»,–ասաց Մակունցը։

Խոսելով Թուրքիայի հանդեպ իր վերաբերմունքի մասին` նա նշեց, որ գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական և թշնամական վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Մակունցի խոսքով` թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի համար հարաբերությունների հաստատման առնչությամբ։

Նա վստահեցնում է` որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու հարցը. նման մոտեցում և մեկնաբանություն չի հնչել։

Նրա խոսքով` յուրաքանչյուր պաշտոնյայի կարևորագույն հանձնառությունն է անել առավելագույնը հզորացնելու պետությունը` ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։