Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, News.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:

Նշենք, որ այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։