Ռոբերտ Քոչարյան. Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը

Հանրապետության գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը՝ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը: Այս մասին «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց: Այժմ գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, սակայն չեմ կարծում, թե ինչ-որ բան կստացվի»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ի երեկոյան՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել էր անորոշ իրավունքի և մեղսագրվող արարքի տեսակետից, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, իսկ փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդումը վերը թվարկված անձանց, ինչպես նաև նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ, տեղեկացնում է News.am: