ՆԻԿՈԼԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՆԵՂԱՑՆԵԼ ԻՐ ԽԱՂԱԼԻՔԻՆ

Վերջին երեք տարիներին հասարակական գիտակցության մեջ լիովին արժեզրկվել է նախագահության ինստիտուտը։ Արմատավորվել է այլ պատկերացում. նախագահն ընդամենը արտոնություններ հափռած ու պետական սուղ միջոցներն անօգուտ խժռող խաղալիք է Փաշինյանի ձեռքում։

Հերթական անգամ չենք վերլուծի նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը, որը լռելյայն համաձայնել է մոռանալ բոլոր կանոնները, ներառյալ՝ պարկեշտության։ Նշենք միայն, որ երկրում կատարվող այլանդակությունների, տիրող անօրինության ու սանձարձակ կամայականության, պետականության փլուզման մեջ նա մեղավոր է թերևս ոչ պակաս, քան Փաշինյանը։ Տպավորություն է ստեղծվում, որ նախագահին հուզում են բացառապես սեփական բարեկեցությունը, հարմարավետությունը, իսկ Հայաստանի ճակատագրի հանդեպ նա խորապես անտարբեր է։ Իսկը Դոստոևսկու գլուխգործոցներից մեկը՝ մարդն ընդհատակից, նսեմ հոգին: «Աշխարհը կործանվի, թե՞ ես թեյ չխմեմ։ Թող աշխարհը կործանվի, իսկ ես թեյ խմեմ»։

Ընդ որում իր «թեյը» Արմեն Սարգսյանը խմում է, որպես կանոն, բավական մտախոհ տեսքով։ Հավանաբար, նրա աշխատանքի հիմնական դժվարություններից մեկը հենց այն է, թե ինչպես չմտահոգվելով որևէ մի բանի մասին՝ ունենա ոչ թե պարզապես մտախոհ տեսք, այլ կոնկրետ՝ հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդու կերպարանք։

Անցնենք, սակայն, մեր այսօրվա խոսակցության հիմնական թեմային։ 53 փաստաբաններ Գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում հանցագործության մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստի սքողման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, «ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ., այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը»։

Նշենք, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը ակտիվորեն քննարկվում էր դեռևս ՀՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման շրջանում: Ընտվելու նախօրեին՝ 2018 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն ա քննարկվում, և դուք մի պարզ գործողություն չեք անում. Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել ա Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել ա, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»:

Ի դեպ, երեք տարի առաջ հարցեր առաջացան ոչ միայն Փաշինյանի, այլև մյուս պատգամավորների մոտ, որոնց առաջարկները հանգում էին «նոբլես օբլիժ»-ի, ինչը ազատ թարգմանությամբ նշանակում է՝ «կա՛մ հանիր վզիդ խաչը, կա՛մ հագիր անդրավարտիքդ»։

Արմեն Սարգսյանն այն ժամանակ փաստացի միայն ոստիկանությունից տեղեկանք ներկայացրեց պատգամավորներին իր քաղաքացիության և բնակության վայրի մասին, բայց այդպես էլ չհրապարակեց փաստաթղթերը, որոնց հիման վրա իրեն տրվել էր այդ տեղեկանքը։ Սակայն պատգամավորներն այն ժամանակ այդպես էլ չկարողացան հստակ պատասխաններ ստանալ նախագահի թեկնածուից։ Սարգսյանն ինչ-որ թուղթ ցույց տվեց Փաշինյանին, որից հետո վերջինս վստահեցրեց, թե ամեն ինչ կարգին է։

Արմեն Սարգսյանին արժե շնորհել XXI դարի դելփյան պատգամախոսի պատվավոր տիտղոս։ Ընդ որում, ի տարբերություն Ապոլլոնի տաճարում կանխագուշակումներ անող կույս քրմուհու՝ պյութիայի, Արմեն Սարգսյանն այդ պահին քուն չի մտնում թմրանյութերի ազդեցությամբ։ Բայց իր հայտարարությունների մշուշոտության աստիճանով մեծապես ծալած ունի պյութիային՝ իր դափնու տերևներով հանդերձ:

Եվ դա վերաբերում է ոչ միայն քաղաքացիության հարցին։ Պսիխոֆիզիոլոգները, ինչպես հայտնի է, բոլորովին չեն խրախուսում ցանկացած ավելորդ տեղեկատվություն: Դա աղտոտում է մեր ուղեղը և սպառում հիշողության պահուստները։ Հիշողությունը զարգացնելու համար ժամանակակից գիտնականներն առաջարկում են ավելորդ տեղեկությունների մոռացման տարբեր մեթոդներ։ Իսկ ես խորհուրդ եմ տալիս կարդալ Արմեն Սարգսյանի ցանկացած հայտարարություն կամ հարցազրույց։ Ժամանակ կվատնեք, իսկ գլուխը ոչ մի բանով չեք աղտոտի։ Նրան ամեն ինչ հուշում է հետին խելքը։ Թե որտեղ տեղադրված հետին խելքը անատոմիական առումով, առ այսօր բացահայտված չէ։ Առանձին չարանենգ մարդիկ իրենց նենգության մեջ հասնում են այն աստիճանի, որ մատնացույց են անում հետույքի մեծ մկանը, սակայն լուրջ գիտության կողմից տվյալ տարբերակը վաղուց հերքված է։

Հաշվի առնելով, որ այս անգամ գործի է անցել Փաստաբանների պալատը, որտեղ կան բարձրագույն մակարդակի պրոֆեսիոնալներ, Արմեն Սարգսյանին ծանր ժամանակներ են սպասում։ Պարզապես նա, հավանաբար, դեռ չի գիտակցում իր գլխավերևում կախված վտանգի աստիճանը։ Նման բան պատահում է նույնիսկ չափազանց փորձառու մարդկանց հետ։ Ինչպես ժամանակին նկատել է ռուս հիանալի գրող Յուրի Տրիֆոնովը, «երբ լողում ես լավայի մեջ, չես զգում ջերմաստիճանը»: Եվ շախմատիստն էլ, որն իր հաշվարկներում խորանում է տասը քայլ առաջ, երբեմն բաց է թողնում մանկական մատը։ Այնպես որ նախագահը, պատկերավոր ասած, միանգամայն կարող է ստանալ մեծ հեմոռոյ՝ անորոշ հետևանքներով։

Ինչեվէ, ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի կողմից 25.03.2021թ. տրված տեղեկանքը, որում հաղորդվում է հետևյալը. Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: Բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրած կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ և մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:

«ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ»,- հայտարարում է Արա Զոհրաբյանը:

Այսպիսով, օգտվելով օրենսդրության անկատարությունից՝ Արմեն Սարգսյանը 2018 թվականին Ազգային ժողով է ներկայացրել փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ։ Մասնավորապես, բացակայել են փաստաթղթերը, որոնց հիման վրա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նրան տեղեկանք է տրամադրել քաղաքացիության մասին։ Ի դեպ, Հիմնական օրենքում ասվում է, որ նախագահը պարտավոր է խստորեն պահպանել Սահմանադրությունը և առաջնորդվել իր խղճով։ Թե ինչ անել, եթե խիղճը բացակայում է, չի պարզաբանվում։

Ինչպիսի՞ն կլինի Գլխավոր դատախազության արձագանքը քաղաքացիության վերաբերյալ հանցագործության մասին 53 փաստաբանների հաղորդմանը։ Ըստ օրենքի, իհարկե, պետք է քրեական գործ հարուցվի և հետաքննություն անցկացվի։ Բայց ի՞նչ օրինականության մասին կարող է խոսք լինել Փաշինյանի իշխանության օրոք։ Ի՞նչ օրենքներ։ Ինչո՞ւ։ Քի՞չ էին արդյոք դրանք, բայց ի՞նչ օգուտ։ Հանգիստ թողեք «նոր Հայաստանը», նա ինքը կգտնի ճանապարհը։ Մեծ երկիր է, մի ինչ-որ Լիխտենշտեյն չէ, մեղա Տեր։ Արձակիր նրան, ձիու պես, և կհասնի մարդկային մի որևէ բնակավայր։ Եթե, իհարկե, ճանապարհին շունչը չփչի։

Ուստի սիրտս վկայում է, սիրելի համաքաղաքացիներ, որ Նիկոլը թույլ չի տա նեղացնել իր խաղալիքին և կհրամայի Գլխավոր դատախազությանը ինչ-որ կերպ կոծկել գործը։ Իր բոլոր քմահաճույքները հլու-հնազանդ կատարող Արմեն Սարգսյանը դեռ պետք կգա։ Հիմա կարելի կլինի նրա վրա մաքրել ոտքերը, մինչև որ ներբանները մաշվեն։

Եվ հետո, դա կարող է վատ ազդանշան դառնալ Փաշինյանի խաղալիքների խանութի մյուս ցուցանմուշների համար. սկսել է հանձնել... Ուժերի վերջին լարումով իշխանություն պահպանող տիրակալի համար նման տրամադրությունները բավական անցանկալի են և վտանգավոր։ Քանզի երբ այդպիսի պատից քար են հանում, մյուսները սկսում են մտածել. ո՞ւր փախչել և չհանձնե՞լ արդյոք հենց իրեն՝ որմնադիրին։