LA Times. ԲԱՅԴԵՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԻ
ԱՄՆ նախագահ Բայդենն այս ամիս Օսմանյան կայսրությունում ավելի քան 1 միլիոն հայերի սպանությունը նկարագրելիս հնարավորություն ունի ազնիվ և ճշգրիտ տերմինաբանություն օգտագործել, գրում է LA Times-ը:
Ջարդի տարելիցի օրը նա կարող է և պետք է այն ցեղասպանություն կոչի՝ տերմին, որն այս համատեքստում նախկինում օգտագործել էր միայն մեկ անգամ՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Նույնիսկ այդ ժամանակ Ռեյգանը հիշատակումն արել էր որպես մեկ այլ ոճրագործության՝ Հոլոքոստի հռչակումից շեղում:
Իրականում ապշեցուցիչ է, որ «ցեղասպանության» սահմանումը հայերի հետ կատարվածի համատեքստում քննարկումների առարկա է դառնում:
Վատ է, որ դա հանցագործություն է մարդկության դեմ, որի ցավը ռեզոնանս է առաջացնում պատմության մեջ, քանի որ համաշխարհային կառավարությունները դանդաղում են ճանաչման հարցում, որոշ խմբեր անհաշտելի կերպով հրաժարվում են ճանաչել ճշմարտությունը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ամեն տարի նշվում է ապրիլի 24-ին: 1915 թվականին այս օրը Օսմանյան կայսրության իշխանությունները հավաքեցին հարյուրավոր հայ մտավորականների և համայնքների ղեկավարների ներկայիս Ստամբուլի տարածքում: Շատերին կախեցին փողոցում: Չնայած նախկինում հայերը բախվել էին սաստիկ ճնշումների Օսմանյան կայսրությունում, սակայն այս մահապատիժը սկիզբ դրեց շատ ավելի լայն և լուրջ հարձակումների և բռնի տեղահանման արշավի: Երբ ամեն ինչ ավարտվեց, Թուրքիայում բնակվող հայերի թիվը 2.1 միլիոնից հասավ 389.000-ի:
Հայոց ցեղասպանությունը ժխտողները՝ Թուրքիայի կառավարության գլխավորությամբ, պնդում են, որ, չնայած հայերը, հիմնականում՝ քրիստոնյաները, իսկապես զոհվել են Թուրքիայում բռնությունից և սովից Առաջին աշխարհամարտից առաջ, ընթացքում և հետո, նույնը պատահել է նաև հրեաների և մահմեդականների հետ: Սակայն այս կեղծ համարժեքությունը պտտվում է այն հարցի շուրջ, թե ինչու են նրանց սպանել: Անխտիր պատերազմի զոհերը տարբերվում են էթնիկ պատկանելության պատճառով հետապնդվողներից:
Իհարկե ճիշտ է, որ ոչ միայն հայերն են զոհվել Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում, սակայն այս փաստարկը հերքում է ճշմարտությունը: Դա նման է հրեաներին արմատախիլ անելու նացիստական համակարգված ջանքերի գրոտեսկային իրականությանը հակազդելուն, ովքեր պնդում են, որ դա այնքան էլ վատ չէր, քանի որ այլ մարդիկ էլ են մահացել: Դա վիրավորական աբսուրդ է:
Թուրքիայի կառավարությունը համառորեն հրաժարվում է ընդունել, որ Օսմանյան կայսրությունում իր նախնիները ցեղասպանություն են կատարել: Թուրքիայի կառավարությունը կարող է կառչել այս մոլորությունից, սակայն մնացած աշխարհը չպետք է խրախուսի նրան: Շատերը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այս հարցը հատկապես սուր է Միացյալ Նահանգների համար: Թուրքիան տևական ժամանակ ռազմական դաշնակից էր, իսկ ԱՄՆ-ն զգալի ռազմական ներկայություն է պահպանում Ինջիրլիք ավիաբազայում: Սակայն հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել էին, ինչին նպաստում էր Թուրքիայի ձգտումը բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հարձակումը Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությամբ գործող ուժերի վրա: Սա կոտրեց պատնեշ Կոնգրեսում, որը 2019 թվականին կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչմանը:
Սակայն Կոնգրեսը Սպիտակ տունը չէ, որը որոշում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Նախագահ Բարաք Օբաման հիանալի հնարավորություն ուներ իրականացնելու 2015 թվականի իր նախընտրական խոստումը, սակայն նա չարեց դա՝ չնայած նրան, որ դրա համար օգտագործեց հայերեն «Մեծ եղեռն» տերմինը և հայտարարեց, որ «1915 թվականից ի վեր Օսմանյան կայսրության հայ ժողովուրդը տեղահանվել, սպանվել և մահվան է ուղարկվել: Նրանց մշակույթը և ժառանգությունն հնագույն հայրենիքում ոչնչացվել են: Սարսափելի բռնության արդյունքում մեկուկես միլիոն հայ է զոհվել»: Նույն դիրքորոշումը ստանձնել էր նաև Թրամփի վարչակազմը:
Սա մեզ բերում է Բայդենին, ով, հնարավոր է, մտել է օվալաձև գրասենյակ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենախորը և լայն ընկալմամբ: Սակայն նա ևս իրեն պատմականորեն որպես չափավոր պրագմատիստ է դիրքավորվել: Իհարկե, արտաքին քաղաքականությունը կարող է շախմատի բազմաչափ պարտիա լինել, որում իմաստը պարտադիր հաղթելը չէ, այլ՝ համոզվելը, որ հակառակորդներդ պարտվում են: Սակայն այստեղ կարևոր են ճշմարտությունն ու պատմության ազնիվ ճանաչումը: Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչի: