«Հրապարակ». ՀՅԴ-ՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԴԱՇԻՆՔՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի առաջին տասնօրյակում կգումարվեն ՀՅԴ կառույցների ժողովները, որպեսզի քննարկեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցերը։

ՀՅԴ-ում, ըստ որոշ լուրերի, գերիշխող են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ընտրացուցակում երկրորդ համարն է լինելու։ Չնայած դրան՝ ՀՅԴ-ական մի ստվար զանգված ընդհանրապես դեմ է Փաշինյանի վարչապետությամբ ընտրությանը մասնակցելուն և նրա իշխանության վերարտադրությունը լեգիտիմացնելուն։

Մարզային ժողովներից հետո Ծաղկաձորում կամ Վանաձորում կգումարվի ՀՅԴ գերագույն ժողովը, որին կմասնակցեն ստորադաս ժողովներում ընտրված պատվիրակները և քվեարկությամբ կորոշեն առաջիկա ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու և մասնակցելու ձևաչափի հարցերը։

Մեզ ասացին, որ ԳԺ-ին դրսից կուսակցականներ էլ կժամանեն, բայց հրավիրյալի կարգավիճակում՝ ոչ վճռական ձայնի իրավունքով։ Իսկ ԳԺ-ն նախատեսվում է ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։ Ժողովը նաև ՀՅԴ գերագույն մարմին կընտրի»:

News.am