Ապրիլին կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի 2021 թ. ապրիլին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ճանաչման արժանացնելու այս տարվա «Ավրորայի» հերոսներին և իր հետագա նպաստը բերելու Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: Այս միջոցառումները կհամախմբեն տեղական և միջազգային գործընկերներին, կօգնեն նրանց միավորելու ջանքերն առավելագույն ազդեցություն ունենալու համար:
2021 թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ծաղիկներ կխոնարհեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների:
Նույն օրն ավելի ուշ Մատենադարանում հատուկ միջոցառման ընթացքում կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները: 2021 թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումների փուլն ընթացավ 2020 թ. ապրիլի 24-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 31-ը: Ստացված hարյուրավոր հայտերից 585-ը եզակի թեկնածուներ էին: Ավադույթի համաձայն՝ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները կարձանագրվեն նաև 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագրում, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը:
2021 թ. ապրիլի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի կունենա Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկում: Այն կհամախմբի նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղական և սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը կկազմակերպվեն առողջապահության, կրթության և մշակույթի, տնտեսական զարգացման և սոցիալական թեմաներով աշխատարաններ: Դրանք կվարեն «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, Կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը, «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղբալյանը, Արցախի նախագահի՝ զարգացման ծրագրերի գծով խորհրդական, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը և համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով: «Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ աջակցելով տեղական և միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի, և մտադիր է ընդլայնել գործունեությունը, տեղեկացնում է ArmRadio.am-ը: