Մեկնարկել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանում մեկնարկել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան. նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով գնում են դեպի Կառավարություն, տեղեկացնում է News.am-ը:
Ավելի վաղ ՎԵՏՕ շարժումը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.
Կոչ բոլոր հայ կանանց և մայրերին
Խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 5 ամիս, և արդեն ակնհայտ է, որ պատերազմի հետևանքների ծանրության մեծ մասն իրենց վրա են ընդունել հայ կանայք:
Առ այսօր դավաճան իշխանությունները շարունակում են պահել մեզ անորոշության մեջ՝ դիտավորյալ թաքցնելով մեր զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թիվը:
Հազարավոր հաշմանդամների սոցիալական, հոգեբանական խնդիրների ծանրությունը մնացել է հայ կանանց և մայրերի ուսերին: Որդեկորույս մայրերը զրկված են իրենց զավակների մահվան իրական հանգամանքներն իմանալու, իսկ նրանցից շատերն՝ անգամ նրանց մարմինները հողին հանձնելու հնարավորությունից: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք: Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին անտառներում ու սարերում փնտրող մայրերը երազում են գոնե զավակների դիակները գտնել՝ չիմանալով անգամ՝ ո՞ղջ են նրանք, գտնվում են գերության մե՞ջ, թե՞ զոհված: Իսկ գերության մեջ գտնվողների մայրերն ամիսներ շարունակ մղձավանջ են ապրում՝ սպասելով իրենց զավակների վերադարձին»: