ՆԻԿՈԼ, Ո՞ՒՐ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ 3500 ՀԱՅԵՐԸ
Ապրիլի 4-ին Mediaport տելեգրամ-ալիքը հրապարակել է Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում նկարահանված տեսանյութ: Մի քանի բեռնատարների թափքում երևում են անկանոն կիտված մարմիններ, ինչպես պնդում է աղբյուրը՝ հայ զինվորների, մեծամասնությունը՝ պոլիէթիլենային պարկերում: Թե երբ է նկարահանվել տեսանյութը՝ չի հաղորդվում, ալիքը լոկ նշում է, որ «զոհերի մարմինները փաստացի փտում ու անճանաչելի են դառնում, իսկ պաշտոնապես հայտարարում են, թե որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել»: Ավելի վաղ համացանցում տարածվել էին կադրեր, որ Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկա» ընկերության սառնարան-կոնտեյներներում պահվում է պատերազմում զոհվածների շուրջ 200 մարմին:
Դժվար է մտաբերել, թե վերջին անգամ երբ են իշխանության ներկայացուցիչները խոսել գերիների և անհայտ կորածների մասին։ Այդ խնդիրը, ըստ էության, անհետացել է հասարակական-քաղաքական դիսկուրսից։ Փաշինյանն ու իր ուսապարկերը գիտակցաբար խուսափում են անդրադառնալ վերջին պատերազմի և՛ այս, և՛ որևէ այլ ցավոտ թեմայի, նպատակաուղղված կերպով աշխատելով դրանք մոռացության տալու ուղղությամբ։ Զարմանալի է, բայց այդ մարդկանց թվում է, թե կհաջողվի ընտրությունների, հաղորդակցությունների բացման, թուրքերի հետ երկխոսություն հաստատելու և հաշտվելու հնարավորությունների մասին խոսակցություններով ստիպել ժողովրդին մոռանալ Հայրենիքը պատուհասած աղետի, զոհված մի քանի հազար երիտասարդների, 10 հազար հաշմանդամների, տասնյակ հազարավոր փախստականների և Արցախի փաստացի հանձնման մասին…
Եվ եթե անցած տարեվերջին հայ մտավորականները բոցաշունչ ելույթներ էին ունենում ու երթեր կազմակերպում դեպի դեսպանատներ՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով, ապա այսօր, ընդ որում արդեն վաղուց, բոլորը լռում են։ Նույնիսկ ընդդիմությունը չի բարձրացնում այդ հարցը, գլխովին տարված Նիկոլի հայտարարած ընտրությունների օրակարգով և գործնականորեն զբաղվելով դաշինքների ու ընտրացուցակների ձևավորմամբ…
Չեն մոռանում միայն նրանք, ում այդ դժբախտությունը վերաբերում է անձամբ. գերության մեջ մնացողների, անհայտ կորածների և հավերժական անդորր գտածների հարազատները։ Լիբանանահայ Մարալ Նաջարյանի վերադարձը ուրախացրեց բոլորին, բայց ոչ ոք չի հիշում, որ ադրբեջանական գերության մեջ են մնում ևս առնվազն 3 կին, որոնցից մեկը՝ գյուղի տարեց բնակչուհի, նաև նրա ամուսինը: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը դավաճանել է հայրենակիցներին, իսկ իշխանությունները նրանց վերածել են քաղաքական գործընթացներում կիրառելիք փոխադրամի։ Եվ եթե ենթադրվող ընտրություններից մի քանի օր առաջ Ալիևը հանկարծ վերադարձնի 5-10 գերիների, չկասկածեք. դա ձայների լրացուցիչ քանակ ապահովելու կոչված նախընտրական նվեր է իր յուզգյար Նիկոլին…
Մինչդեռ ապրիլի 1-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, եթե խորամուխ լինենք, մի սարսափելի թիվ. անհայտ կորածների որոնման գործում օգնության համար Արցախում Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ: Այսինքն մարտական գործողությունների ավարտից 5 ամիս անց մեր մի քանի հազար հայրենակիցների ճակատագիրը մնում է անհայտ։ Ընդ որում այդ թիվը ժամանակի հետ ոչ միայն չի նվազում, այլև հակառակը, ավելանում է։ Այսպես, հունվարի 21-ին այնտեղ դիմել է ավելի քան 2320 մարդ։ Փետրվարի 7-ին այդ թիվը հասել է 2392-ի, մարտի 5-ին՝ 2500-ի: Իսկ մեկ ամիս էլ չանցած ավելացել է մի ամբողջ հազարով։
Մնում է միայն սարսափել հայկական իշխանությունների ցինիզմից, որոնք ոչ միայն չեն բարձրաձայնում խնդիրը, այլև այնպես են պահում իրենց, ասես այդ մարդիկ երբեք գոյություն չեն ունեցել։ Ասես իրենք չեն ուղարկել նրանց պատերազմի, և իրենք չեն կրում պատասխանատվությունն առնվազն նրանց ճակատագիրը պարզելու համար։ Գրավյալ տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքները գնալով ավելի քիչ արդյունք են տալիս. փրկարարները խիստ հազվադեպ գտնում են մի քանի զոհվածների աճյուններ: Մի քանի անգամ դիակները հանձնել են իրենք՝ ադրբեջանցիները, բայց ոչ մի անգամ չի նշվել թշնամու մոտ գտնվող կամ նրանց կողմից հողին հանձնված հայ զինվորների ու քաղաքացիական անձանց թիվը։
Հիշեցնեմ, որ փետրվարի 11-ին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը կասկածներ հայտնեց, որ ադրբեջանական կողմը մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո թաղել է (ուղղակի գցել է եղբայրական գերեզման) զոհվածների մարմինները։ Նրա խոսքերով, եղել են մասսայական գերեզմանների հայտնաբերման կոնկրետ դեպքեր, սակայն այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ կան կատարելու։ Կատարվում են այդ աշխատանքները, թե ոչ, հայտնի չէ. դրա վերաբերյալ ոչ մի հաղորդագրություն այն ժամանակից ի վեր չի եղել։ Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է հայտնել մասսայական գերեզմանների տեղը՝ կրկին առաջ քաշելով ինչ-որ պայմաններ։ Գերության մեջ գտնվող հայերի թիվը նույնպես գաղտնի է պահվում և՛ Հայաստանի, և՛, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Բացարձակ անտերություն կարելի է անվանել այն, ինչ կատարվում է սպանված հայ զինծառայողների մասին տվյալների մասով։ Բառացիորեն օրերս Sputnik Արմենիան մեջբերեց պետական մի քանի ատյանների պատասխանները, որոնց համապատասխան հարցումներ են ուղարկվել։ Ըստ Պաշտպանության նախարարության պատասխանի՝ մարտի 31-ի դրությամբ զոհերի թիվը կազմել է 3049 ։ Մինչդեռ իրեն վարչապետ կոչող սուբյեկտը մարտի 20-ին հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է, ևս 189 ծնողներ ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: «Ստացվում է, որ Փաշինյանը նախապես՝ 11 օր առաջ, նշել է գրանցված թիվը 201-ով գերազանցող զոհերի թիվ»,- գրում է գործակալությունը:
Հարցում էր ուղարկվել նաև Առողջապահության նախարարություն, դատաբժշկական փորձաքննության անցկացման ընթացքը հստակեցնելու նպատակով: Պատասխանը հետևյալն է. «Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»: Այնուհետ Առողջապահության նախարարությունը ճշտում է, թե իբր՝ դա չի նշանակում, որ մարտի 31-ի դրությամբ զոհերի թիվը կազմում է 3723, քանի որ կան կրկնակի ուսումնասիրության դեպքեր և այլն:
Ամեն դեպքում կասկածից վեր է այն փաստը, որ ռազմական գործողությունների ավարտից 5 ամիս անց Հայաստանի կառավարությունը հստակ պատասխան չունի զոհված քաղաքացիների թվի վերաբերյալ հարցին, իսկ պետական տարբեր գերատեսչություններ ներկայացնում են մի քանի հարյուրով տարբերվող թվեր։
Վերադառնանք, սակայն, անհայտ կորածների հարցով 3500 դիմումներին։ Ի՞նչ է կատարվել այդ մարդկանց հետ, որտե՞ղ են նրանք հաշվառված և հաշվառվա՞ծ են արդյոք ընդհանրապես։ Հայաստան պետությանն առհասարակ հետաքրքրո՞ւմ է մի քանի հազար հայրենակիցների ճակատագիրը, թե ոչ։ Թե՞ դա բացառապես ռուս խաղաղապահների գործն է, որոնց, փաստորեն, կորած հայերի ճակատագիրը պետք է մտահոգի շատ ավելի, քան Հայաստանի և Արցախի իշխանություններին։
Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք վերապահեց, չունենալով որևէ լիազորություն, վճռել Արցախի ճակատագիրը, ստորագրելով փաստաթուղթը հանրապետության տարածքի ավելի քան 75%-ը հանձնելու մասին՝ այնտեղ գտնվող մարդկանցով հանդերձ։ Նա հոգ չտարավ պայմանավորվել ոչ միայն գերիների վերադարձման հստակ ժամկետների մասին. նա նույնիսկ չմտածեց, որ իր հանձնած տարածքներում մնում են բանակային զորամասեր, կամավորական ջոկատներ և քաղաքացիական անձինք, որոնց ժամանակ է պետք այնտեղից անվտանգ հեռանալու համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանն իսպառ հրաժարվում է նաև այդ մարդկանցից՝ ոչ մի կերպ չցանկանալով միջամտել նրանց ճակատագիրը պարզելու գործընթացին, թեև նրանցից շատերին հենց ինքն է ուղարկել այնտեղ ՝ պաթետիկ կոչ անելով կամավորներին գնալ պատերազմելու…
Պատճառն ընկած է մակերեսին. հանձնելով Արցախը՝ հազարավոր հայրենակիցների հետ մեկտեղ, Նիկոլ Փաշինյանն անմիջապես սկսեց զբաղվել այն նպատակի երկրորդ փուլով, որի համար իրեն բերել են իշխանության. Հայաստանի սահմանների բացմամբ Թուրքիայի և Ադրբեջանի առջև։ Իսկ դրա համար նրան հույժ անհրաժեշտ է պահպանել այդ իշխանությունը, ուստի Նիկոլ Փաշինյանի ու իր ուսապարկերի պետքը չէ պարզել եղբայրական գերեզմաններում թաղված կամ գերության մեջ գտնվող մի քանի հազար անհայտ կորածների ճակատագիրը։ Նրանք զբաղված են միայն ու միայն ընտրությունների իրենց անհրաժեշտ արդյունքն ամեն գնով ապահովելով։
Ռազմական նորությունների Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հաղորդեց, որ իրենց տվյալներով՝ պատերազմում զոհվածների թիվը 3299 է: Այսինքն ՝ առնվազն 200 անունով ավելի շատ, քան ՊՆ-ի տվյալները։ «Բացառվում է, որ Ռազմինֆոն, որն աշխատում է միայն բաց աղբյուրներով, կամ էլ անմիջապես մարդկանցից է ստանում իրենց զոհված հարազատների անունները, ավելի շատ անուն իմանա, քան ՀՀ անպաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունը կամ մնացած պետական կառույցները։ Այդ մարդիկ ցուցակներով աշխատավարձ են ստացել, զորամասերում հաստիքացուցակներ կային, ի վերջո զոհվածների ընտանիքներին մահվան վկայականներ են տրվել…»,- գրում է փորձագետը։
Եվ հանգում է նման իրավիճակում միակ տրամաբանական եզրակացության. «Ես վստահ եմ, որ այս անհասկանալի, երկիմաստ ձևակերպումները, իրար հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել մտքում հստակ թիվ ունենալ, թե ի վերջո քանի զոհ ունենք»:
Կարենի եզրակացության հետ չհամաձայնելն անհնար է. և՛ զոհերի, և՛ վիրավորների, և՛ գերիների, և՛ անհայտ կորածների թվի էական խառնաշփոթն իսկապես ստեղծվում է միտումնավոր և հետապնդում որոշակի նպատակ։ Ուսապարկերին խառնաշփոթ է պետք ամեն ինչում և հատկապես այն ամենում, ինչ վերաբերում է Արցախյան երրորդ պատերազմին։ Չափազանց շատ է թափված արյունը, չափազանց շատ են զոհերը, գերեվարվածները և պարզապես իրենց մեղքով անհետացածները, ինչպեսև իրենց գործած այլ հանցանքները։ Հիշեցնենք թեկուզ պատմությունը վեց պատանի զինվորների մասին, որոնք 50 օր շարունակ կյանքի կռիվ են տվել անտառում՝ հուսալով, թե հարազատ պետությունը օգնության կհասնի: Բայց քանի որ վարչապետն ու իր խորհրդական Նաիրի Սարգսյանը որոշել էին, թե նրանք չէին կարող ողջ մնալ այդ պայմաններում, որոնումներ չկազմակերպվեցին, և ի վերջո զինվորներին գտան ադրբեջանցիներն ու գնդակահարեցին…
Քանի՜-քանի այդպիսի պատմություններ է պահում Արցախի հողը, ևս քանի՜ զինվոր է զոհվել լոկ այն պատճառով, որ ուսապարկերը ալարեցին որոնումներ կազմակերպել։ Քանի՞ հայ զինվոր է թաղված հապշտապ փորած եղբայրական գերեզմաններում։ Քանի՞սն են տառապում գերության մեջ, բայց նրանց մասին չի հաղորդվում։
Նիկոլ, ո՞ւր են անհետացել մի քանի հազար հայերը, որոնց մասին դու մոռացել ես ու փորձում ես ստիպել, որ մոռանան նաև նրանց հարազատները, որպեսզի ոչինչ չխանգարի քեզ իրականացնել թուրքական ծրագրերը: Նիկոլ, ինչպե՞ս կարող է գերեվարված ու անհայտ կորած հազարավոր հայերի հարցը մոռացվել ու աղմկախեղդ արվել իշխանությունից ամեն գնով կառչելու քո նախընտրական հիստերիայով։